Գերմանիայի հավաքականի դարպասապահ Ռոբերտ Էնկեի ուղիղ մեկ տարի առաջ գրանցված ողբերգական մահը շատ քիչ բան է փոխել դաժան պրոֆեսիոնալ սպորտի աշխարհում: Նման եզրակացության են գալիս եվրոպացի վերլուծաբանները՝ հիշելով 2009 թվականի նոյեմբերի 10-ի իրադարձությունները, երբ «Հանովեր 96»-ի դարպասապահը ինքնասպանություն գործեց՝ իրեն նետելով գնացքի տակ:
Ինքնասպանությունը գործելու պահին Էնկեն ընդամենը 32 տարեկան էր: Դարպասապահի մահվան հաջորդ օրը Էնկեի կինը՝ Թերեզան, ներկայացավ ասուլիսին և լացելով պատմեց, որ իր ամուսինը հաճախ էր ընկճախտի մեջ ընկնում դեռևս 2003 թվականից սկսած: Այսօր Էնկեին հիշելու են թե երկրպագուները, թե գերմանական ֆուտբոլի ղեկավարները, այդ թվում՝ հավաքականի գլխավոր մարզիչ Յոախիմ Լյովը, ովքեր այցելելու են Էնկեի գերեզմանը՝ հարգանքի տուրք մատուցելով ֆուտբոլիստին:
Մինչ ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչները հիշում են Էնկեին գիտնականներն ու մասնագետները ներկայացնում են իրենց վերլուծությունները, որոնք վերաբերում են պրոֆեսիոնալ սպորտի աշխարհին:
AFP գործակալությունը մեջբերում է պրոֆեսոր Գյունտեր Գեբաուերի կարծիքը, ով նախկինում մարզիկ է եղել, իսկ այժմ փիլիսոփայություն է դասավանդում Բերլինի Ազատ համալսարանում: Գեբաուերը նշում է, որ մեր օրերում պրոֆեսիոնալ սպորտում մարզիկների մասին շատ քիչ են մտածում, քիչ են հոգում նրանց մասին:
Գեբաուերը կարծիք է հայտնում, որ Էնկեի մահից հետո իրավիճակը կարող էր փոխվել, ողբերգությունը կարող էր ստիպել մարդկանց փորձել փոփոխություններ կատարել պրոֆեսիոնալ սպորտի համակարգում:
«Սակայն այդ օրվանից զարմանալիորեն քիչ բան է փոխվել», – ասում է Գեբաուերը՝ նշելով, որ պրոֆեսիոնալ ֆուտբոլը շարունակելու է զոհեր «տրամադրել», եթե այդ խնդրին լուրջ չվերաբերվել:
Գեբաուերը նշում է, որ մեր օրերում պրոֆեսիոնալ սպորտի աստղերը շատ արագ են անտեսվում և մոռացության մատնվում: Էնկեի հոգեբանական խնդիրների հիմքերից մեկը հենց այդ զգացողությունն էր, նա վախենում էր դուրս մնալ պրոֆեսիոնալ սպորտից կարիերայի ավարտից հետո, ինչն էլ հանգեցնում էր ֆուտբոլիստի ընկճախտին:
Գեբաուերը նշում է, որ ֆուտբոլը դարձել է դաժան, անխնա բիզնես, որտեղ շատ կարևոր է, թե ինչպես դու կկարողանաս ներկայացնել քեզ: Մասնագետները հաճախ համաձայնում են այդ մտքի հետ. մասնավորապես, շատերը նշում են, որ ֆուտբոլիստի լավ պայմանագիրը ակումբի հետ կախված է ոչ միայն իր տաղանդից, այլ իր գործակալի հմտությունից: Շատ հաճախ իրականում կարգով ավելի բարձր ֆուտբոլիստները շատ ավելի համեստ ակումբներում են խաղում, քան նրանք, ովքեր հեղինակավոր գործակալներ ունեն: Անգլիայում նշում են, որ անգամ բարձրակարգ ակումբներում տարածված է մարզիչ-գործակալ աշխատանքային մոդելը, երբ մարզիչը իր հեղինակության շնորհիվ պարտադրում է այս կամ այն ֆուտբոլիստին բավական բարձր գումար, իսկ հետո գործակալից «պարգևավճար» է ստանում` այդ գումարից որոշակի տոկոս:
Պրոֆեսիոնալ սպորտում մահացության դեպքերը երիտասարդ մարզիկների կողմից ավելանում են: Լինի դա առողջական խնդիրների պատճառով, թե շարունակվող դեպրեսիաների: Վերջերս գերմանացի հայտնի չմշկորդ, օլիմպիական չեմպիոն Կլաուդիա Պեխշտայնը խոստովանել է, որ 2009 թվականին նույնպես ցանկանում էր ինքնասպան լինել, երբ նրան երկու տարով որակազրկեցին: Մարզուհուն այդ քայլից հետ է պահել իր գործակալը, ով կարողացել է համոզել Պեխշտայնին, որ նա ապագա ունի սպորտում:
Պեխշտայնը նշում է, որ որակազրկման լուրից հետո նրանից անմիջապես սկսեցին հրաժարվել հովանավորները, չմշկորդուհուն զրկեցին աշխատանքից և նա սկսեց վախենալ իր ապագայի համար:
Նման դեպքերը եզակի չեն պրոֆեսիոնալ սպորտում, նշում է Գեբաուերը: Հաճախ դա հանրության համար անհայտ է մնում, սակայն մարզիկների շարքում հոգեբանական խնդիրներ ունեցողների թիվը շատանում է, իսկ դաժան պրոֆեսիոնալ սպորտը մոռացության է մատնում նրանց:
Էնկեի մահից հետո Գերմանիայում նրա անվան հիմնադրամ է ստեղծվել, որը օգնում է այն մարզիկներին, ովքեր տառապում են ընկճախտից:
Գեբաուերի խոսքով՝ հիմնադրամն արդեն իսկ օգնել է մարդկանց: Հայտնի մարզիկներից մեկը, որի անունը չեն նշում, հայտարարել է, որ ինքը հետ է կանգել ինքնասպանությունից՝ ծանոթանալով Էնկեի հիմնադրամի գործունեությանը:
Սակայն միայն մեկ հիմնադրամի գործունեությունը մեկ երկրում բնական է` չի լուծում պրոֆեսիոնալ սպորտի բազմաթիվ խնդիրները: Պրոֆեսիոնալ սպորտը վաղուց վերածվել է մարդկանց չխնայող մեծ բիզնեսի, որտեղ շարունակաբար իրենց դիրքերն է ամրապնդում անազնիվ չինովնիկների դասը: