Ծեծն օրենսդրության կոպիտ խախտում է, դա քաղաքական առումով ամենամերժված ձևն է: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր, ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը` Epress.am-ի խնդրանքով մեկնաբանելով ՀԱԿ-ի չորս ակտիվիստներին ոստիկանության բաժնում ծեծի ենթարկելու փաստը:
«Դեռևս 2004 թվականի իմ զեկույցում ես նշել էի, որ ծեծը Հայաստանում դարձել է վարչական պրակտիկա» ,-ասել է Լարիսա Ալավերդյանը, ով վերոնշյալ զեկույցը ներկայացրել է որպես ՀՀ օմբուդսմեն:
Նա նշել է, որ ուժային մարմինների հետ պետք է խորքային աշխատանք անցկացնել` տվյալ պրակտիկաները վերացնելու համար:
«Ծեծը որպես պատիժ սահմանված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Ծեծն ակնհայտորեն օրենքի խախտում է: Խոշտանգումը դա մարդկային ամենատհաճ, ամենատականքին հատուկ դրսևորումներից մեկն է», – ասել է Ալավերդյանը`հավելելով, որ անգամ եթե քաղաքացին մեղավոր է, ծեծը ոստիկանի կողմից պետք է բացառվի: