«Ադրբեջանական ֆիլմերի փառատոնի» անցկացումը հերթական անգամ հետաձգվել է, քանի որ Բուզանդի 1 հասցեում գտնվող տարածքի սեփականատիրոջ վրա ճնշում է գործադրվել, և նա հրաժարվել է կազմակերպիչներին տարածք տրամադրել:
Այս մասին Epress.am-ին տեղեկացրել է փառատոնի կազմակերպիչ, Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի ղեկավար, փառատոնի կազմակերպիչ Գեորգի Վանյանը:
Մինչ այդ փառատոնը նախատեսվում էր անցկացնել Թամանյան 5 հասցեով, սակայն երեկ Գեորգի Վանյանը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ այդ տարածքի սեփականատերը նույնպես հրաժարվել էր տարածք տրամադրել ճնշումների պատճառով: Նույնը, փաստորեն, կրկնվել է նաև Բուզանդ 1-ի դեպքում:
Վանյանը ներողություն է խնդրել բոլոր նրանցից, ովքեր պատրաստվում էին այսօր մասնակցել փառատոնին:
Գեորգի Վանյանը ասել է, որ առայժմ չի կարող հստակ ասել, թե երբ և որտեղ տեղի կունենա միջոցառումը, սակայն հաստատել է, որ փառատոնն ամեն դեպքում կայանալու է:
Epress.am-ի հետ հեռախոսազրույցում Բուզանդի 1 հասցեում գտնվող «Ռուսկայա Կնիգա» խանութի պատասխանատուն, ով չի ցանկացել որևէ մեկնաբանություն տալ տարածք տրամադրելուց հրաժարվելու կապակցությամբ, ասել է հետևյալ նախադասությունը.
«Դուք ինձանից լավ գիտեք, ես ասելու բան չունեմ, փառատոնի կազմակերպիչն ամեն ինչ Ձեզ բացատրել է», – ասել է նա:
Գեորգի Վանյանը մեզ փոխանցել է, որ փառատոնի կազմակեպիչը նախօրոք պայմանագիր էր կնքել տարածքի սեփականատիրոջ հետ և կանխավճար էր տվել:
Հիշեցնենք, որ նախապես փառատոնը պետք է կայանար նոյեմբերի 2-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Մեդիա կենտրոնում»: Սակայն Epress.am-ի հետ զրույցում կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը ասել էր, որ քանի որ ողջ կրթահամալիրի և վերջինիս կցված շինությունների սեփականատերը, համաձայն ՀՀ օրենքի, Հայաստանի Հանրապետության Կառավարությունն է, ապա Կառավարությունը կարող է այս կամ այն միջոցառման անցկացում թույլ տալ կամ չտալ: Կրթահամալիրի տնօրենը մեզ տեղեկացրել էր, որ, իմանալով պետական մարմնի կարծիքը, ինքն անձամբ նպատակահարմար չի համարել միջոցառումն իր կրթահամալիրում անցկացնել:
Այնուհետև փառատոնը նախատեսված էր անցկացնել Թամանյան 5ա հասցեում, սակայն, ինչպես Epress.am-ին տեղեկացրել էր կազմակերպիչ Գեորգի Վնայանը, տարածքի սեփականատիրոջ վրա ճնշում է գործադրվել, և բնակարանի սեփականատերը հրաժարվել է մեկնաբանություններից:
Միևնույն ժամանակ, ՀՀ Կրթության և Գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից Epress.am-ին տեղեկացրել էին, որ փառատոնի կազմակերպիչը պաշտոնապես իրենց չի դիմել տարածքի հատկացման համար, և միջոցառման անցկացման վայրի ընտրությունը կազմակերպչի որոշումն է:
Ինչ վերաբերում է փառատոնին աջակցություն ցուցաբերող ԱՄՆ-ը դեսպանատը, ապա դեսպանատան խոսնակ Քերըն Ռոբլին Epress.am-ի հարցմանն ի պատասխան հայտարարել էր, որ ադրբեջանական ֆիլմերի փառատոնի անցկացումը Հայաստանում նպատակ ունի նպաստել հանդուրժողականության տարածմանը, թույլ տալ ծանոթանալ այլ մշակույթին և տեղ տալ բազմակարծությանը:
«Սրանք ցանկացած ժողովրդավարական երկրի համար շատ կարևոր արժեքներ են: Կարծում ենք, որ ադրբեջանական ֆիլմերի փառատոն կազմակերպելը հիանալի մտահղացում էր, և այդ իսկ պատճառով որոշել ենք աջակցել դրա իրականացմանը և այժմ էլ աջակցում ենք», – ասել էր Ռոբլին: