Home / Армения / Եվրոպական կառույցները համաձայն չեն Թուրքիայի նախագահի հետ

Եվրոպական կառույցները համաձայն չեն Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը նոյեմբերի 9-ին Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի ձեռքից ստացավ «Չեթհեմ Հաուզի» մրցանակը` որպես տարվա լավագույն քաղաքական գործիչ, իսկ այդ իրադարձությունից հետո ժամեր անց Եվրամիության ընդլայնման հանձնաժողովը ներկայացրել է իր ամենամյա զեկույցը` կապված Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին գրանցած առաջընթացի հետ, գրում է Economist-ը:

Պաշտոնական Բրյուսելը, որոշ ոլորտներին անդրադառնալով, խիստ քննադատության է ենթարկել Թուրքիային, իսկ Աբդուլլա Գյուլը հերքել է մեղադրանքները:
 
Եվրամիությունը սովորականի նման Թուրքիայից պահանջել է հույն-կիպրոսցիների համար բացել Թուրքիայի կողմից վերահսկվող օդային և ծովային ճանապարհները: Սակայն Գյուլը մերժել է նմանատիպ ցանկացած մոտեցում: 

Նա նշել է, որ Եվրամիությունը, իր հերթին, չի վերացրել Կիպրոսի թուրքական մասի նկատմամբ իրագործվող շրջափակումը, թեև ԵՄ-ը դեռ խոստացել էր դա անել 2004 թվականին:

Այունուամենայնիվ, The Economist-ին տված հարցազրույցում Թուրքիայի նախագահը հերքել է այն լուրերը, թե Թուրքիան երես է շուռ տալիս Արևմուտքից:

«Այդ խոսակցությունները հոգեբանական ճնշում գործադրելու նպատակով են տարածվել»,- ասել է նա:

Եվրոպական հանձնաժողովի ներկայացրած զեկույցը նաև մի շարք դրական փաստեր է արձանագրել, այդ թվում` կրոնական փոքրամասնությունների նկատմամբ արձանագրված ավելի լավ վերաբերմունքը, քրդերեն լեզվով հաղորդումների հեռարձակման հետ կապված սահմանափակումների նվազեցումը, քրեական օրենսգրքի բարեփոխումներ, Սահմանադրական նոր փոփոխություններ, ինչպես նաև դպրոցներում հայալեզու դասագրքերի օգտագործման թույլտվությունը:

ԵՄ-ի Հանձնաժողովը, սակայն, շատ խիստ է արտահայտվել Թուրքիայում մամուլի նկատմամբ դրսևորած վերաբերմունքի վերաբերյալ: 40 լրագրող ձերբակալված են, որոնց մի մասը դեռ իր դատավճռին է սպասում: Որոշ թերթեր աշխատանքից ազատել են այն լրագրողներին, ովքեր քննադատել են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը` վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ:

Թուրքիայի նախագահը հերքում է այս ամենը: Նա պնդում է, թե մամուլի ազատությունը Թուրքիայի ժողովրդավարության հիմքն է:

«Ամեն ոք ազատ է գրել այն, ինչ ուզում է»,- հայտարարել է նախագահը:  Նա անգամ խոստացել է վերանայել օրենդրական և սահմանադրական փոփոխությունները, որոնք կարող էին նպաստել լրագրողների պաշտպանությանը:

Սակայն շատերը չեն կիսում Գյուլի կարծիքը` կապված մամուլի ազատության հետ:

«Լրագրողներն առանց սահմանների» կազմակերպության 2010 թվականի զեկույցի համաձայն` Թուրքիան մամուլի ազատության աղյուսակում 138-րդ տեղն է զբաղեցնում: Եվրոպական լրագրողների ասոցիացիայի ներկայացուցիչ Ուիլյամ Հորսլին մտահոգված է ահագնացող սահմանափակումների պատճառով: Վերջերս լրագրողների մի խումբ բողոքի ցույց էին կազմակերպել Անկարայում և նամակ էին ուղղել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` պահանջելով բարեփոխումներ իրականացնել: 2010 թվականի հոկտեմբերին թուրք խմբագիր Էրչան Իպեկչին մամուլին նվիրված համաժողովներից մեկի ընթացքում ներկայացրել է օրենսգրքի 27 հոդված, որոնք ոտնահարում են լրագրողների իրավունքներն ու Թուրքիան բռնապետության վերածելու վտանգի առջև են կանգնեցնում:

Եվրոպական կառույցների համոզմամբ` Թուրքիան մամուլի ազատության ոլորտում շատ անելիքներ ունի: