Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իրագործվող ճնշումները Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը գնահատում է որպես քստմնելի արարք:
«Դա վկայում է, որ ռեժիմը խուճապի մեջ է գտնվում», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Զուրաբյանը:
Նա նշել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ քաղբանտարկյալների նկատմամբ ճնշումներ են գործադրվում: Նա օրինակ է բերել 2008թ. դեկտեմբեր ամսին Վարդգես Գասպարիի, Գրիգոր Ոսկերչյանի և Գևորգ Մանուկյանի նկատմամբ իրականացված ճնշումները:
«Այդ ժամանակ ռեժիմը փորձ էր անում ներման խնդրագրեր կորզել նրանցից: Այսօր ռեժիմի քաղաքական նպատակն այլ է: Փորձում են լռեցնել «Հայկական ժամանակ»-ը», – ասել է ՀԱԿ համակարգողը` ընդգծելով, որ իշխանությունները փորձում են դատաստան տեսնել Նիկոլ Փաշինյանի հետ:
«Բնականաբար, չի հաջողվելու: Մենք հնարավորինս վերահսկում ենք իրավիճակը, հանդիպումներ ենք ունենում տեղի և միջազգային կազմակերպությունների հետ: Բայց այս պայքարը ոչ միայն մեր պայքարը պետք է լինի, այլ նաև լրագրողների պայքարը, քանի որ վերջին հաշվով` խոսքը գնում է լրագրողի մասին», – հավելել է Լևոն Զուրաբյանը: