Պաշտոնական այցելությամբ Հնդկաստանում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 11-ին հանդիպել է Հնդկաստանի իր գործընկերոջ՝ Սոմանահալլի Մալլայահ Կրիշնայի հետ:
«Հայաստանի և Հնդկաստանի միջև չկա որևէ խնդիր, որ բաժանում է կողմերին, այլ կան շատ գործոններ, որոնք միավորում են մեր երկրներին: Տարածաշրջանային և միջազգային հարցերի վերաբերյալ մեր պետությունները ունեն փոխըմբռնում, նույնանման կամ շատ մոտ դիրքորոշումներ», – հանդիպման ընթացքում ընդգծել է Հայաստանի արտգործնախարարը:
Հայ-հնդկական բարեկամական գործընկերությանը նոր լիցք հաղորդելու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել 2011 թ. Հնդկաստան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այց կազմակերպելու մասին:
Նախարարները բարձր են գնահատել հնդկահայ համայնքի ներդրումը Հնդկաստանի բազմամշակութային ժառանգության ստեղծման, պահպանման և հարստացման գործում:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատել է Կաշմիրի հարցում Հայաստանի դիրքորոշումը և շնորհակալություն հայտնել հնդիկ գործընկերոջը Կովկասում առկա խնդիրների վերաբերյալ Հնդկաստանի հավասարակշռված դիրքորոշման համար:
Իր հերթին նախարար Կրիշնան ասել է, որ Հնդկաստանը բարձր է գնահատում Հայաստանի մշտական աջակցությունը իր երկրի համար կարևոր հարցերում, մասնավորապես Կաշմիրի խնդրի առնչությամբ:
Նախարարներն ընդգծել են, որ առկա խնդիրներին կրոնական երանգ տալու փորձերը ապակառուցողական են և կարող են միայն բարդացնել կարգավորման հեռանկարները, և հարկավոր է դրանք լուծել միայն բանակցությունների միջոցով` խաղաղ ճանապարհով: