ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Հայաստանի պաշտպանական դիրքեր և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
Սերժ Սարգսյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է պաշտպանական դիրքեր, տեղում ծանոթացել զինված ուժերի մարտական պատրաստությանը, բանակաշինության ընթացիկ աշխատանքներին, նշում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը:
Հայաստանի և Արցախի ղեկավարները ներկա են գտնվել ԼՂՀ պաշտպանության բանակի զորավարժություններին, անցկացրել պաշտպանական շրջանի դիտարկում, ինչպես նաև մասնակցել Պաշտպանության բանակի անձնակազմի համար կառուցված բնակարանների հանձնման արարողությանը:
Սերժ Սարգսյանն այնուհետ զինված ուժերի բարձրագույն սպայական կազմի մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն: