Վրաստանը չպետք է թույլ տա, որ իրեն ներքաշեն ղարաբաղյան պատերազմի մեջ: Այս մասին հայտարարել է Կովկասի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Մամուկա Արիշաձեն` նշելով, որ ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսումն ինչ ազդեցություն կունենա Վրաստանի վրա, գրում է GeorgiaTimes-ը:
Նրա խոսքով` ի տարբերություն 2008 թվականի վրաց-ռուսական հակամարտությանը, եթե Ղարաբաղում ռազմական գործողություններ սկսվեն, ապա դրանք ավելի երկարատև կլինեն:
«Վրաստանի տարածքով են անցնում Ադրբեջանից դեպի արևմուտք ուղղվող բոլոր գազամուղներն ու նավթամուղները: Դրանք կդադարեն աշխատել, ինչը մեծ վնաս կհասցնի Վրաստանի տնտեսությանը: Բացառված չէ նաև դիվերսիոն հարձակումների հավանականությունը: Իրավիճակը կթեժանա նաև վրացական այն շրջաններում, որտեղ հայեր և ադրբեջանցիներ են բնակվում: Վրացական կառավարության գերագույն խնդիրն այն է, որ վերջինս չպետք է թույլ տա` իրեն ներքաշել հակամարտության մեջ: Սա շատ դժվար կլինի անել, քանի որ կողմերը Վրաստանի վրա ճնշումներ կգործադրեն»,- նշել է փորձագետը:
Արեշիձեն ասել է նաև, որ Երևանը կպահանջի, որպեսզի Վրաստանը դադարեցնի ադրբեջանական խողովակաշարերի գործունեությունը, իսկ ադրբեջանցիներն էլ կպնդեն, որ Վրաստանն արգելք դնի Հայաստան ներմուծվող ապրանքների վրա: «Պարզ բան է, որ հակամարտությունից զերծ չեն մնա նաև Ռուսաստանն ու Թուրքիան: Այժմ դժվար է կանխատեսել նրանց գործողությունները, բայց կասկած չկա, որ դրանք հաստատ կլինեն: Այնպես որ Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումը շատ ուժեղ է լինելու»,-ամփոփել է փորձագետը:
Նա նշել է, որ չի կարելի բացառել նաև ռազմական գործողությունների իրականացումը հենց Վրաստանի տարածքում: