Այսօր Նկարիչների Միության շենքում բացվեց «Մարմին. նոր պատկերային արվեստը Հայաստանում» ցուցահանդեսը, որին մասնակցում են համադրողներ Արարատ Սարգսյանը, Արևիկ Արևշատյանը, Արման Գրիգորյանը, Սարգիս Համալբաշյանը, Դավիթ Կարեյանը: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին մեծ թվով այցելուներ:
Ցուցահանդեսին ներկայացված են 40-ից ավելի հայ ժամանակակից արվեստագետների մոտ 200 գործեր` լուսանկրաներ, վիդեոարտ, պերֆորմանս, գեղանկարներ, քանդակ:
Բացման խոսքով հանդես են եկել «Ակադեմիա պատկերասրահի» տնօրեն Գոռ Վարդանյանը, համադրող Արարատ Սարգսյանը, Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, ով նաև վերջերս կայացած Երիտասարդ նկարիչների հանրապետական ցուցահանդեսի 3 մասնակիցներին` լավագույն աշխատանքների հեղինակներին, հանձնել է դիպլոմներ:
Epress.am-ի հետ զրույցում ցուցահանդեսի համադրողներից մեկը` Արման Գրիգորյանը, նշել է, որ գրեթե բոլոր գործերը, որոնք ներկայացված են ցուցահանդեսին, նպատակ ունեն ցույց տալ հասարակության հայացքի փոփոխությունը մերկ մարմնի նկատմամբ:
«Մենք հուսով ենք, որ այս ցուցահանդեսը խթան կհանդիսանա, որ հետագայում շատ կազմակերպվեն մարմնին նվիրված ցուցահանդեսներ, նաև այն ոգևորություն կառաջացնի երիտասարդ նկարիչների շրջանում: Երբ մերկ մարմինը շատ է` առաջադիմությունը շատ է», – մեզ հետ զրույցում ասել է Արման Գրիգորյանը:
Epress.am-ի հետ զրույցում համադրողներից Դավիթ Կարեյանը հույս հայտնեց, որ այս ցուցահանդեսը բացասական արձագանք չի գտնի հասարակության կողմից, քանի որ վերջին տարիների ընթացքում լրատվամիջոցների օգնությամբ բավականաչափ փոխվել է մարմնի մասին մարդկանց պատկերացումները:
«Բավական է ցանկացած հեռուստաալիք նայել, և կտեսնեք, թե ինչքան բան ա փոխվել, այնպես չէ, ինչպես 20 տարի առաջ Սովետական միությունում: Կարծում եմ` ավելի շատ կքննարկվի, քան կքննադատվի»- ասել է Դավիթ Կարեյանը: