Հայաստանում ներքաղաքական դաշտն իր որակը չի փոխել և իրականում որևէ ներքին վերադասավորում չի եղել, ըստ էության` կա երկու հիմնական բևեռ` իշխանություն և ընդդիմություն: Այս մասին այսօր լրագրողների հետ հադիպման ժամանակ հայտարարել է ԼՂՀ նախկին արտգործնախարար, 2008թ. նախագահական ընտրություններին ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը:
Նրա խոսքով` իշխանական թևում հավաքված են իշխանական կուսկացություները, իսկ ընդդիմադիր մասի հիմնական բաժինը ներկայացված է ՀԱԿ-ի կողմից:
Մելիքյանի կարծիքով` սա է իրողությունը, և այս պայմանները ձևավորվել են դեռևս 2008թ. նախագահական ընտրություններից հետո և այդ ընտրությունների արդյունքում:
ԼՂՀ նախկին արտգործնախարարի խոսքով` այդ ընտրությունների արդյունքները հանգեցրեցին հասարակության կտրուկ բևեռացման: Մելիքյանը հասարակությունում դիտարկում է երեք հիմնական հատված. Առաջինը` իշխանամետ հատվածն է, որը, ըստ բանախոսի, հասարակության փոքր հատվածն է կազմում, երկրորդը` պաշտոնական ընդդիմությունը` ի դեմս ՀԱԿ-ի, որտեղ ներկայացաված մոտ 20 կուսակցություններ համախմբվել են մեկ անձի` Լևոն Տեր-Պետրոսյանի շուրջ, և երրորդ հատվածը, որը, ըստ Մելիքյանի, ամենամեծ հատվածն է, երկու կողմերին էլ չի հավատում:
Խոսելով նաև գալիք խորհրդարանական ընտրությունների մասին` Մելիքյանը կարծիք է հայտնել, որ այս իրավիճակում շահողը կլինի այն ուժը, որը կկարողանա կեղծել: Նա նշել է, որ ընտրական օրենսգրքում կատարվող փոփոխությունները և ընտրական գործընթացի բարդացումները ենթադրում են, որ իշխանություններն արդեն աշխատանք են տանում իրենց հաղթանակն ապահովելու համար:
Ասուլիսի մեկ այլ մասնակից ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը չի համաձայնել Մելիքյանի այն մտքի հետ, որ հասաարկությունը բևեռացված է:
Իշխանության ներկայացուցչի կարծիքով` կա նորմալ իշխանություն և պայքարող ընդդիմություն:
Նա նաև կարծիք է հայտնել, որ ընտրություններում կհաղթի կազմակերպված քաղաքական ուժը: