Պատերազմը` գոյություն պահպանելու իմաստով, շարունակվում է, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է երգահան Ռուբեն Հախվերդյանը:
«Արտագաղթը սարսափելի չափերի է հասել: Կարծեմ, վերջին ամիսների ընթացքում 70 հազար մարդ, նույնիսկ 100 հազար մարդ է լքել երկիրը, դրանով կարելի է դատել մեր իշխանավորների պրոֆեսիոնալիզմը», – ասել է Հախվերդյանը:
Նա անդրադարձել է թուրք այն գրողներին, որոնք ընդունում են մեկ ու կես միլիոն հայերի ոչնչացման փաստը (նկատի ունի 2006թ. Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկին -Epress.am)` համեմատելով վերջիններիս հայ իշխանավորների հետ, որոնց պատճառով «էլի միլիոն ու կես երեք կառավարությունների ընթացքում ստեղից գնացին»:
«Հիմա էս թուրքերն են ավելի հայամետ, թե սրանք, որ հայ են ծագումով», – հարց է բարձրացրել երգահանը:
Նա հավելել է, որ ժողովուրդն իրեն անտեր է զգում, իշխանության և ժողովրդի միջև մեծ անդունդ է գոյացել, և որևէ նախագահ ներողություն չի խնդրել իր սխալների համար: