Այսօր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի, ԱՄՆ պետդեպարտամենտի` Եվրոպայի և Ասիայի երկրներին ԱՄՆ օժանդակության համակարգող Դեյվիդ Ռոզենբլումի, պետդեպարտամենտի` տարածաշրջանային հակամարտությունների և կովկասյան գործերի գրասենյակի փոխտնօրեն Ջոն Էսպինոզայի և ԱՄՆ դեսպանության քաղաքական և տնտեսական հարցերով համակարգող Չարլզ Լոբդելի հետ:
Ինչպես ասված է Հայ Ազգային Կոնգրեսի մամուլի հաղորդագրության մեջ, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին քաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակին, կոռուպցիային, ինչպես նաև ընտրական համակարգին առնչվող հարցեր: ՀՀ առաջին նախագահը բարձրացրել է նաև քաղբանտարկյալների և նրանց շուտափույթ ազատ արձակման, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վերջին շրջանում քրեակատարողական հիմնարկում սանձազերծված հարձակումների դադարեցման հարցերը:
Հանդիպմանը մասնակցել են Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը, Դավիթ Շահնազարյանը և Ավետիս Ավագյանը: