Ռուբեն Հախվերդյանը կուզենար, որ Հայաստանի իշխանավորներն ավելի զարգացած լինեին:
«Դրանցից ամենահղփացածները քամուն են տալիս իրենց փողերը: Ես տեսել եմ, թե նրանք ինչքան էին կրվում կազինոում ու սենց շպռտում էին դոլարները», – այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է երգահանը:
Նա պատմեց նաև իր` «մեկի հետ» կազինո գնալու մասին: «Մոտավորապես քսան հազար դոլար տարվեց: Ես ասեցի, որ տաիր ինձ, ես մի հատ CD կհանեի: Ասեց` չտեսար, պրծավ»:
Երգահանին չի զայրացնում օլիգարխների` փող ունենալը,«մարդը բիզնեսմեն ա, իրա փողն աշխատում ա»:
«Ինձ զզվեցնում է, որ չինովնիկը` սկսած պռեզիդենտից մինչև գրասենյակային աշխատող, կարող ա ավելի հարուստ լինի, քան ամենամեծ մեծահարուստը», – ասել է նա:
Այս երևույթը նա ռուսերեն լեզվով անվանեց «կազնակրանդստվո» (գանձարանագողություն), «երբ որ պետական բյուջեից կամ պետական միջոցներից չինովնիկները գռփում ու լափում են էն փողերը, որոնք, ասենք թե, արտասահմանից են գալիս և ինչ-որ նպատակի պիտի ծառայեն»:
Իսկ իշխանության գալ երգահանը չի ցանկանում: Պատասխանելով հարցին, թե ինչ կաներ` վարչապետ նշանակվելու դեպքում, Հախվերդյանն ասաց. «Չէի դառնա, որովհետև կարող ա պատահի սկսեի գնդակահարություններից: Նստեցումներ, բռնոցիներ կլինեին հաստատ», – խոստովանեց նա: