«Էկոնոմիստ» պարբերականի վերլուծական բաժինը` Economist Intelligence Unit–ը, հրապարակել է Հայաստանին վերաբերող զեկույցը, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:
1946 թվականին հիմնված վերլուծական այս բաժնի կազմած զեկույցները ողջ աշխարհի գործարարների և քաղաքական գործիչների համար տվյալ երկրի քաղաքական և տնտեսական կյանքի մասին պատկերացում կազմելու կարևոր աղբյուրներից են: Զեկույցը վերլուծում է առկա վիճակն ու կանխատեսումներ անում առաջիկա տարիների համար:
Քաղաքական ոլորտում «Էկոնոմիստ»-ի վերլուծաբանները փաստում են, որ «Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի դիրքերը այժմ առավել ապահով են թվում. տնտեսական իրավիճակը բարելավվել է անցյալ տարի գրանցած 14.4 տոկոսանոց անկումից հետո»:
«Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հնարավորությունները կառավարության երկարակեցությանը վտանգելու կամ նշանակալի փոփոխությունների հասնելու համար ներկայումս մեծ չեն: Չնայած 2010 թվականի մարտին ՀԱԿ-ը հանրահավաք կազմակերպեց 2008 թվականի մարտյան դեպքերի զոհերի հիշատակին, դա չվերաճեց կառավարության կամ իշխանությունների դեմ բողոքի ցույցի: ՀԱԿ-ը համախմբված միասնական քաղաքական ծրագիր չունի և կառավարությանը քննադատում է` առանց այլընտրանքային քաղաքականություն առաջարկելու: Այսպիսի գործողությունները հազիվ թե համոզեն հասարակությանը, թե ՀԱԿ-ը կարող է համախմբված ընդդիմադիր ուժ ձեւավորել: Բացի այդ Լևոն Տեր-Պետրոսյանի ջանքերը ընդդիմադիր առավել լայն հարթակ ստեղծելու ուղղությամբ` Դաշնակցության և «Ժառանգության» հետ միասին, արդյունք չտվեցին: Նախագահ Սերժ Սարգսյանին, մինչդեռ, հաջողվեց ամրապնդել իր իշխանությունը քաղաքական և գործարար վերնախավի շրջանում», – ասված է զեկույցում:
«Եվ նույնիսկ 2009 թվականի տնտեսական անկումը էականորեն չթուլացրեց նախագահ Սարգսյանի դիրքերը», – շարունակում են զեկույցի հեղինակները:
Ինչ վերաբերում է սպասվող` 2012 թվականի խորհրդարանական և 2013-ի նախագահական ընտրություններին` վերլուծությունը հավանական է համարում, որ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցությունը «կշարունակի իր գերակայությունը խորհրդարանում»:
Զեկույցի հեղինակները կարծիք են հայտնում, որ Հանրապետականը ընտրություններում իր դիրքերն ամրապնդելու համար «կօգտագործի վարչական ռեսուրսը, իսկ ընդդիմությունը կրկին դժվարությունների կհանդիպի միասնական բլոկով հանդես գալու անհնարինության պատճառով»:
Զեկույցի հեղինակները փաստում են, որ չնայած Հայաստանում ընտրական գործընթացները բարելավվելու համար որոշակի քայլեր կատարվել են, ընդդիմությունն ակնկալվում է, որ կվիճարկի ընտրությունների արդյունքները: Բացառված չեն նաև հետընտրական ցույցերը. «Իշխանությունները ցույցերը բռնի ուժով ցրելու հարցում ավելի զուսպ կլինեն, քանի որ նրանց այդպիսի գործողությունները 2008 թվականին միջազգային հանրության կողմից լայնորեն քննադատվեցին»:
Ինչ վերաբերում է արտաքին հարաբերություններին` զեկույցում ասված է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ջանքերը դժվար կլինեն, քանի որ Թուրքիայի կարևոր դաշնակից Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի շուրջ չլուծված հակամարտության հարցում «առաջընթացը շատ փոքր է»: Նաև ակնկալվում է, որ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հաշտեցման` նախագահ Սարգսյանի ջանքերը դիմադրության կհանդիպեն:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները, ըստ զեկույցի, «աղոտ» են` «չնայած ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շարունակվող միջնորդությանը»: