«Սիվիլիթաս» հիմնադրամի կողմից կազմակերպված «Բանակ և հասրակություն» թեմայով քննարկումն այսօր բուռն ընթացք է ստացել: Կրքերը չեն հանդարտվել անգամ քննարկումից հետո, երբ ներկա ծնողները շարունակել են հարցեր ուղղել ՊՆ քաղաքական պաշտպանության բաժնի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Ավետիսյանին: Նրանից հարցնում էին, թե ինչպես կբացատրի ՊՆ ներկայացուցիչը, որ մայրերն իրենց երեխաներին «պահում, մեծացնում, դաստիարակում են, իսկ բանակում նրանց սպանում են»:
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը պնդում էր, որ ամեն ինչ չպետք է բարդել բանակի վրա, դրա պատասխանատուն նաև հասարակությունն է, սակայն մայրերին այդ պատասխանը չէր գոհացնում:
Նշենք, որ քննարկման ժամանակ Ալեքսանդր Ավետիսյանը նշել էր, որ աշխարհի բոլոր բանակներում էլ լուրջ խնդիրներ կան, և օրինակ էր բերել ԱՄՆ բանակը, որտեղ, իր խոսքերով, անցյալ տարի երդման արարողության ժամանակ մի զինվոր սպանել էր 20 այլ զինծառայողների: