Թբիլիսիից Ախալքալաք ձգվող նոր ճանապարհը շատ կարևոր պատմական, քաղաքական և ռազմական նշանակություն ունի: Այս մասին 224 կմ երկարություն ունեցող ճանապարհի բացման արարողությանը հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին,գրում է GHN-ը
«Նորակառույց ճանապարհը, որը կապում է Թբիլիսին և Ախալքալաքը, կապող օղակ է նաև Վրաստանի և Թուրքիայի համար և մեծ պատմաքաղաքական, ռազմավարական նշանակություն ունի»,- ասել է Սահակաշվիլին:
Նախագահի խոսքով` երկար տարիներ Ախալքալաքը կտրված է եղել Վրաստանից, և ապագայում բոլոր ճանապարհները կառուցվելու են այս այս չափանիշներին համապատասխան:
Հիշեցնենք, որ նոր` 224 կմ երկարությամբ ճանապարհը հնարավորություն է տալիս Թբիլիսիից Ախալքալաք հասնել 2,5 ժամում, այնինչ մինչ ճանապարհի կառուցումը դրա համար 8 ժամ էր պահանջվում:
Նոր ճանապարհը Ջավախքը միացնում է Քվեմո Քարթլիի հատվածի հետ:
Ճանապարհի կառուցման համար 209 միլիոն դոլար է տրամադրվել: Այն կառուցվել է «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի շրջանակներում: Շինարարությունը տևել է 2 տարի: