Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի գործերի կառավարիչ Վլադիմիր Կոժինը «Московский комсомолец» պարբերականին տված հարցազրույցում խոսել է վերջերս տարածված այն լուրերի մասին, թե Կրեմլում կազմակերպված ընդունելության ժամանակ Տվերի նահանգապետ Դմիտրի Զելենինն աղցանի մեջ որդ էր հայտնաբերել:
Կոժինի խոսքով` Կրեմլում մատուցած սնունդում ոչ մի որդ էլ չի եղել: Ստուգումները ցույց են տվել, որ նահանգապետի ներկայացրած փաստն իրականությանը չի համապատասխանում: «Հատուկ մարմինների մասնագետներն ուսումնասիրել են իբր որդով ափսեի նկարները, որոնք Զելենինը տեղադրել էր իր անձնական կայքում: Պարզվել է` ընդունելության ժամանակ այդպիսի սպասք չի եղել: Մնացածը նահանգապետի խղճին թող մնա», – ասել է ՌԴ նախագահի ներկայացուցիչը:
Ավելի վաղ Կոժինի մամլո քարտուղար Վիկտոր Խրեկովը հայտարարել էր, որ եթե Դմիտրի Զելենինի կողմից արված հայտարարությունը, թե Կրեմլի ընդունելության ժամանակ իր աղցանի մեջ որդ է հայտնաբերել, հերքվի, ապա Զելենինը պետք է պատասխանատվություն կրի: Խրեկովը, սակայն, չի մանրամասնել, թե ինչ պատասխանատվության մասին է խոսքը:
Հիշեցնենք, որ որդի հետ կապված սկանդալը բուռն ընթացք էր ստացել նրանից հետո, երբ Զելենինը համացանցով տեղեկացրել էր, որ Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆի` Ռուսաստան կատարած այցի շրջանակներում կազմակերպված ընդունելության ժամանակ իր ափսեի մեջ որդ է հայտնաբերել: Այնուհետ այդ նկարը նա տեղադրել էր Twitter-ի իր էջում` հետևյալ մեկնաբանությամբ`«Նման բան տեղի է ունենում և Ալեքսանդրյան սրահում: Մսի հետ անձրևաորդով աղցան են մատուցում»:
Դրանից հետո Զելենինի բլոգից այդ ողջ տեղեկատվությունը ջնջվել էր, սակայն այն հասցրել էր տարածվել համացանցով: Դմիտրի Զելենինի նման պահվածքը Կրեմլի վրդովմունքն էր առաջացրել: ՌԴ նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն առաջարկել էր նահանգապետերին վերաբերող փաստաթղթում նոր կետ ավելացնել, ըստ որի նահանգապետին պետք է ազատել աշխատանքից տկարամտության պատճառով: