«Էդ զիբիլն անջատեք, էլի» – ասուլիսի սկզբում երգահան Ռուբեն Հախվերդյանը դիմեց օպերատորներներից մեկին, ով հեռախոսով միացրել էր «Լավագույն տղերքը հեռանում են» երգը: Հախվերդյանի 60-ամյակին, որը լրանում է դեկտեմբերի 3-ին, «Հայելի» ակումբը, որտեղ անցնում էր ասուլիսը, պատրաստել էր նաև գինի և շամպայն:
«50-ից հետո երգի մեջ արդեն ասել եմ, կրկնվել չեմ ուզում: Մի հատ ուրիշ երգի մեջ ասում եմ «երբ արդեն մեծացա, կարգին բթացա»”, – ասել է երգահանը` պատասխանելով հարցին` շատ է արդյոք, թե քիչ 60 տարին:
Ռուբեն Հախվերդյանի խոսքով` որոշ բաներին նա սկսել է ավելի հանգիստ նայել. «Տունս փոխել եմ քաղաքից դուրս տնի հետ»:
Մեկնաբանելով մամուլում հնչած կարծիքը, թե դա փախուստ էր, երգահանը նշել է.
«Ինչ փախուստ: Տխմարը գրել ա` փախել ա, փախուստ ա: Ուղղակի այնտեղ օդը մաքուր է, ջուրը` լավը: Էդ փախուստ է կոչվու՞մ»:
Նրա կարծիքով` կան լրագրողներ, որոնք «մազ են ման գալիս ճաշի մեջ»:
Իսկ եթե ինչ-որ բան շտկելու հնարավորություն տվեր, Ռուբեն Հախվերդյանը կշտկեր հետևյալը.
«Օրինակ, իմ վիզը մի քիչ ծռվել էր, ես էսօր գնացի բժիշկի մոտ և շտկեց իմ վիզը»:
Հախվերդյանը շարունակում է նաև զզվել գավառականությունից և հետամնացությունից.
«Ռուսերեն ասած, բեսպրեդել, անպատժելիությունից: Հետամնացությունն էլ իր հետ բերում ա ֆիքստուլություն: Իրար հետ վիճում են, ում ժեշտն ավելի մեծ ա, ով ավելի շատ թիկնապահներ ունի»:
Դա, ըստ Հախվերդյանի, ծիծաղելի է:
Երգահանը ենթադրել է, որ նման մարդիկ «փոքր ժամանակ մեքենաներ չեն ունեցել խաղալիք, հիմա էդ մեքենաները նրանց համար խաղալիք են»:
«Էդ ջիպազգիները, իսկ պարտադիր չէ ջիպ ունենալ, որ ջիպազգի լինես, ուզում են էն, ինչ որ նրանց մեջ պակասում ա, լրացնեն մետաղով, փողով և, ինչու չէ, կանանցով: Բայց դե մարդուն օրական մի փոր հաց ա հասնում, մի հատ կին, որևէ մեկն էդ ռեկորդները չի խփել, որ Գինեսի գրքի մեջ մտնի: Եվ նորմալ ապրուստ, նորմալ կյանք, էդքան բան», – հայտարարել է Հախվերդյանը:
Նշենք, որ Հախվերդյանի 60-րդ տարեդարձին նվիրված համերգը կկայանա դեկտեմբերի 5-ին: