Հայաստանում արմատացել է ուժային, օլիգարխիկ համակարգը, որը գործնականում փոխարինել է իշխանական գործառույթները: Ամեն ինչ բացատրվում է նրանով, որ իշխանության գլխին կանգնած մարդիկ և նրանց շրջապատողները դուրս են եկել «անգլուխ իննսունականներից»: Այս մարդկանց անծանոթ է «քաղաքականություն» հասկացությունը: Այս մասին REGNUM-ին տված հարցազրույցում ասել է Մոսկվայի «Միաբանություն» հայկական ազգային ակումբի ղեկավար Սմբատ Կարախանյանը:
Նա նշել է, որ Հայաստանում քաղաքական պայքար սկսել ցանկացողներն ակամա հայտնվում են քրեական աշխարհի «ականապատ դաշտում»: Հենց այս պատճառով էլ Լևոն Տեր-Պետրոսյանի կազմակերպած զանգվածային հանրահավաքները նրան հնարավորություն չտվեցին քանդել քրեական բուրգը: Սա տեղի է ունեցել այն պատճառով, որ իշխանությունն ու ընդդիմությունը տարբեր հարթություններում են գործում:
Կարախանյան խոսքով` 2008 թվականի փետրվարի իրադարձությունների տրամաբանությունը հուշում էր, որ պետք էր հարձակումով վերցնել նախագահականը և 1-2 օրում ավարտել ամեն ինչ, բայց «ընդդիմությունը չցանկացավ քրեական հարթության վրա խաղալ»:
«Հայաստանում քաղաքական իրավիճակն այսպես երկար ժամանակ չի կարող շարունակվել, այն պայթելու է: Սա գիտակցում են թե’ Վաշինգթոնում, թե’ Կրեմլում: Քաղաքական իրավիճակի պայթյունի երկու տարբերակ կա. կամ դա կանի ժողովուրդը, կամ էլ արտաքին ուժերը: Հնարավոր է նաև այս երկու ուժերի միացումը: Արտաքին ուժերն արդեն իսկ հասկանում են, որ իշխանությունները թքած ունեն ընդդիմության հանրահավաքների վրա»,- ամփոփել է փորձագետը: