Նիկոլ Փաշինյանի համար սահմանված պատժի չկրած մասի կրճատման հաշվարկ կատարելու վերաբերյալ «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Տ. Նավասարդյանի կողմից 25.05.2010թ. կայացված որոշմամբ պատժի կրճատման հաշվարկը կատարվել է ակնհայտ սխալ, որի հետևանքով Ն. Փաշինյանի պատժաչափը փաստացի ավելացել է շուրջ հինգ ամիս ժամանակով: Այս մասին այսօր «Կոշ» ՔԿՀ-ի վարչական շենքում հայտարարել է Փաշինյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը:
«Կոշ» ՔԿՀ-ի մի ազատ սենյակում անցկացվել է դատական նիստը, որտեղ լսվել է Փաշինյանի պաշտպանների վերոնշյալ որոշումը փոխելու մասին պահանջը:
Փաստաբանները պահանջում են, որպեսզի Փաշինյանի պատժի հաշվարկն իրականացվի համապատասխան օրենսդրության համաձայն: Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի պատժի չափը սահմանվել է 7 տարի, և կրճատվել կեսով, սակայն ստեղված իրավիճակում պատժաչափն ավելացել է 5 ամսով այն պատճառով, որ նրա նկատմամբ ընտրված է եղել կալանավորում խափանման միջոցը:
Պատասխանող կողմը ներկայացնող «Նուբարաշեն» ՔԿՀ երկու աշխատակիցներ հայտարարել են, որ օրենքի խախտում չկա և հաշվարկը ճիշտ է կատարվել: Դատական նիստին ներկա դատախազը նույնպես նշել է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ պետի որոշումը օրենքին չի հակասում:
Տեղեկացնենք, որ դեռևս ամիսներ առաջ ՀՀ դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության պետ Վարդան Վարդանյանը հայտարարել էր, որ այդ որոշումը օրենքին հակասող է և պետք է վերացվի, իսկ այսօր այդ նույն կառույցի ներկայացուցիչը այլ բան է ասել: Ելնելով այդ հանգամանքից՝ Փաշինյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը միջնորդել է հետաձգել դատը, քանի որ դատախազության կարծիքի փոփոխությունն իր համար անակնկալ էր և իրեն ժամանակ է հարկավոր այդ խնդրին պատշաճ կերպով անդրադառնալու համար: Դատական նիստը հետաձգվել է և նշանակվել է նոյեմբերի 19-ին, ժամը 12.00-ին:
Տեղեկացնենք նաև, որ հենց դատական նիստի սկբում ուշագրավ դեպք է տեղի ունեցել: Սենյակում, որտեղ անցկացվել է դատական նիստը, փակցված են եղել զինատեսակների պաստառներ, որոնք Փաշինյանը միջնորդել է հանել այդտեղից:
Նա նշել է հետևյալը. «Ներկայիս իշխանություններին ավտոմատը հարազատ է, բայց ամեն դեպքում դատարանին հարիր չէ, որ նման պաստառներ փակցված լինեն»:
Դատավոր Սուրեն Մնոյանը բավարարել է Փաշինայնի միջնոդությունը, և «Կոշ» ՔԿՀ-ի աշխատակիցները պաստառները հանել են պատերից: