Հայ Ազգային Կոնգրեսի չորս երիտասարդներին, որոնց նոյեմբերի 9-ին Շառլ Ազնավուրի հրապարակից ոստիկանները ծեծելով բերման էին ենթարկել բաժին, այսօր հրավիրել են Ոստիկանության Կենտրոն բաժնի քննչական բաժանմունք:
Ոստիկանությունում երիտասարդներ Սարգիս Գևորգյանը, Սարգիս Ղազարյանը, Արեգ Գևորգյանը և Վահագն Գևորգյանը տեղեկացել են, որ միջադեպի հետ կապված հարուցվել է քրեական գործ` 316 հոդվածի հատկանիշներով, և այդ գործով իրենք ու ՀԱԿ-ի արտաքին կապերի պատասխաանտու Վլադիմիր Կարապետյանն անցնում են որպես վկա: Վլադիմիր Կարպետյանը քննչական բաժանմունք կգնա վաղը:
Երիտասարդներից Արեգ Գևորգյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ իրենք պաշտպանի հետ հերթով մտել են քննիչի մոտ և բոլորն էլ, օգտվելով իրենց իրավունքից, հրաժարվել են ցուցմունք տալ:
«Ամենակարևորը, որ վերջում հարցրեցինք, թե մեր անձնական իրերը ինչ են լինելու: Մեզ պատասխանեցին, որ իրենց մոտ է հիմա, սեյֆում է: Ասեցինք, որ մեզ հետաքրքիր է` դրա հետ կապված ինչ-որ գործողություններ կան թե ոչ, մեզ ասացին, որ կճշտեն ու նոր վերադարձնելու համար տեղյակ կպահեն: Վերջում Սարգիսը հարցրեց` եթե մենք որպես վկա ենք ներգրավված, վկայի անձնական իրերը հիմա ինչի համար են պետք: Քննիչը շփոթվեց այդ հարցից և ասեց` «դուք դեռևս վկա եք»,- պատմել է Արեգ Գևորգյանը: