Ֆրանսիայի սահմանից ոչ շատ հեռու գտնվող կատալոնական Ժիրոն նահանգում է գտնվում Եվրոպայի ամենամեծ հասարակաց տունը, գրում է ավստրիական Die Presse պարբերականը: Շենքի գլխամասում կարելի է կարդալ մեծ տառերով գրված Paradise գրությունը, իսկ մուտքի մոտ` «Գիշերային ակումբ» ցուցանակը:
«3000 բնակչությամբ Լա Խոնկերա շրջանում տեղակայված հասարակաց տունը առաջին հերթին գրավում է ֆրանսիացիներին»,- գրում է հոդվածի հեղինակը: Ֆրանսիայում օրինական հասարակաց տներ չկան, իսկ վերջերս իշխանությունները խստացրել են վերաբերմունքը նաև փողոցային մարմնավաճառության հանդեպ:
Լա Խոնկերայի հասարակաց տունը սկսել է գործել` անկախ այն փաստից, որ դրան դեմ են դուրս եկել տեղի իշխանությունները:
«Իսպանիան շարունակում է պահպանողական պետություն մնալ, այնուամենայնիվ, մարմնավաճառությունն այստեղ ծաղկում է: Իսպանիայում մոտ 5000 հասարակաց տուն կա, մոտ 3000 կին մարմնավաճառությամբ է զբաղվում, որոնց հիմնական մասը ներգաղթյալներ են: Նրանք Իսպանիայում են հայտնվել` խաբեության զոհ դառնալով»,- ասվում է հոդվածում: