Իրաքի վերընտրված նախագահ Ջալյալ Թալաբանին չի ստորագրելու Իրաքի նախկին փոխվարչապետ, Սադամ Հուսեյնի ամենամոտ խորհրդական Թարիք Ազիզին մահվան ենթարկելու դատավճիռը:
«Ես չեմ ստորագրի Ազիզի մահվան դատավճիռը, քանի որ ես սոցիալիստ եմ»,- իր որոշումն այսպես է մեկնաբանել նախագահը:
Ջալյալ Թալաբանին նշել է, որ ինքը համակրում է նախկին փոխվարչապետին և նրան «իրաքցի քրիստոնյա» է անվանել: Նախագահը ուշադրություն է դարձրել այն փաստի վրա, որ Ազիզն արդեն պատկառելի տարիքում է` 70 տարեկան է:
Հիշեցնենք, որ 2010 թվականի հոկտեմբերին Իրաքի Գերագույն դատարանը Իրաքի նախկին փոխվարչապետ Թարիք Ազիզին մահվան էր դատապարտել`շիական քաղաքական խմբավորումների հանդեպ բռնի հետապնդումներ իրականացնելու համար: Ազիզին պետք է կախաղան բարձրացնեին: