Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ևս մեկ տեղով բարձրացել է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում: Այսօր հրապարակված տվլյաների համաձայն` մեր թիմը 517 միավորով գտնվում է 59-րդ տեղում: Այդ տեղը մեր թիմի հետ կիսում է 2010թ. Աշխարհի գավաթի մասնակից Նոր Զելանդիայի հավաքականը:
Եվրո-2012 փուլի մեր մրցակիցներից 3 տեղով նահանջել է Ռուսաստանի ընտրանին` դուրս մնալով տասնյակից: Այժմ ռուսաստանցիները 1003 միավորով 13-րդն են:
Հայաստանի հավաքականի նախորդ ամսվա «զոհերը»` սլովակները, երկու տեղով առաջ են եկել և այժմ զբաղեցնում են 18-րդ հորիզոնականը, իսկ իռլանդացիները` 32-րդն են: Նրանք նախորդ ամսվա համեմատ պահպանել են իրենց տեղը:
Մեր մրցակիցներից ևս մեկը` Մակեդոնիայի հավաքականը, 6 կետով նահանջել է և գտնվում է 76-րդ տեղում:
ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Իսպանիայի հավաքականը, որն ունի 1920 միավոր: Երկրորդը հոլանդացիներն են` 1718 միավոր, բրազիլացիները 1493 միավորով երրորդն են: Տասնյակում տեղ են գտել նաև Գերմանիայի, Արգենտինայի, Անգլիայի, Ուրուգվայի, Պորտուգալիայի, Խորվաթիայի և Եգիպտոսի հավաքականները:
Մեր հարևան երկրներից Թուրքիան զբաղեցնում է 29-րդ հորիզոնականը, Իրանը` 66-րդ, Վրաստանը 78-րդ տեղում է, Ադրբեջանը` 90-րդն է: