Home / Армения / Հայաստանում աշխատավարձի նվազագույն չափը կավելանա 2700 դրամով

Հայաստանում աշխատավարձի նվազագույն չափը կավելանա 2700 դրամով

2011 թվականին հետևողականորեն շարունակվելու է Հայաստանի Հանրապետությունում նվազագույն աշխատավարձի չափի բարձրացումը։ Այն 2010 թվականին գործող մակարդակի նկատմամբ նախատեսվում է ավելացնել 8.3 տոկոսով։ Այս մասին այսօր ՀՀ Ազգային Ժողովում ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի նախագծի ներկայացման կապակցությամբ իր ելույթում հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նշենք, որ ներկայումս նվազագույն աշխատավարձի չափը կազմում է 32500 դրամ: Այն ավելացվել էր 2,500 դրամով 2010թ. հոկտեմբերի 7-ի կառավարության նիստի ժամանակ: 8.3 տոկոսի բարձրացումը կնշանակի, որ Հայաստանում նվազագույն աշխատավարձը կկազմի 35200 դրամ:

Անդրադառնալով բյուջեի ծախսային մասին` նա կառավարության ղեկավարը նշել է, որ 2011 թվականի պետական բյուջեի նախագծի ծախսերում գերակշռող` 86.6 տոկոսը կշիռ են կազմում հետևյալ ոլորտներում.

– սոցիալական բնագավառ` կրթություն, առողջապահություն, սոցապահովություն` 44.4 տոկոս,
– պաշտպանություն, հասարակական կարգի պահպանություն և ազգային անվտանգության ապահովում՝ 18.8 տոկոս,
– տնտեսության ճյուղեր՝ 15.6 տոկոս,
– համայնքների բյուջեներին պետական բյուջեից տրամադրվող պաշտոնական դրամաշնորհներ` 3.3 տոկոս, պետական պարտքի սպասարկում՝ 4.5 տոկոս։

«Կրթության ոլորտում ծախսերը կկազմեն համախառն ներքին արդյունքի 2.9 տոկոսը, սոցիալական պաշտպանության ոլորտում` համախառն ներքին արդյունքի 7.23 տոկոսը, առողջապահության ոլորտում` համախառն ներքին արդյունքի 1.7 տոկոսը։ Այս ճյուղերում պետական ներդրումները կկազմեն 442 մլրդ դրամ կամ 2010 թվականի համադրելի մակարդակի նկատմամբ 43 մլրդ դրամով ավելի», – ներկայադցրել է ՀՀ վարչապետը։