Մերձմոսկովյան Խոտկովո քաղաքը մեկ գիշերվա ընթացքում «մաքրվել է» բոլոր «ոչ ռուսներից», ինչի մասին այսօր գրում է թե մամուլը, թե բլոգերները:
«Կոմսոմոլսկայա պրավդայի» թղթակիցը, ով այցելել է այս քաղաք, գրում է, որ այնտեղ ընդհանրապես «եկածներ» չեն մնացել: Դա հաստատում են նաև տեղի բնակիչները` նշելով, որ բոլորովին վերջերս «նրանք հանդիպում էին ամեն քայլափոխին» և «Շնչել չէին թողնում»:
Բնակիչներից մեկը պատմել է, որ տեղացի երիտասարդների և տաջիկների միջև տեղի ունեցած ծեծկռտուքից հետո, որի հետևանքով 25-ամյա Պավել Կապրալովը մահացու վիրավորվել էր, ոստիկանները որսում էին ներգաղթյալներին և ուղարկում դուրս:
Խոտկովոյի քաղաքապետ Ռիտա Տիխոմիրովայի խոսքով` այսկերպ դեպորտի են ենթարկվել 26 ապօրինի ներգաղթյալներ, մյուսները փախել են իրենց կամքով: Եթե հավատալ տեղացիներին, քաղաքում բնակվել է մի քանի հազար ուզբեկ, տաջիկ, կովկասցի: