«Թբիլիսիի հայ համայնք. խնդիրներ և հեռանկարներ». այսպես էր կոչվում շաբաթասկզբին Վրաստանի մայրաքաղաքում կայացած համաժողովը, որը սկանդալային ավարտ ունեցավ:
Պատճառը` Վրաստանի վերաինտեգրման հարցերով փոխնախարար Ելենա Թևդորաձեի հայտարարությունն էր:
«Մենք Վրաստանում երբեք պաշտոնական կարգավիճակ չենք շնորհի էջմիածնական եկեղեցուն, քանի որ այն Հայ Առաքելական եկեղեցին, որ գոյություն ունի մեր երկրի տարածքում, այսպես կոչված մասնաճյուղ է: Եվս մեկ անգամ եմ կրկնում` Էջմիածնի եկեղեցին մենք չենք ճանաչի», – հայտարարել է վրաց փոխնախարարն ու լքել դահլիճը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Թևդորաձեի այս հայտարարությանը նախորդել էր նրա վեճը Վրաստանում Վատիկանի դեսպան Կլաուդիո Գուջերոտիի հետ: «Աշխարհում որևէ տեղ նման պրակտիկայի չեք հանդիպի, երբ պետությունը ավանդական եկեղեցուն առաջարկում է գրանցվել որպես ակումբ կամ հասարակական կազմակերպություն», – ընդգծել էր կաթոլիկ հոգևորականը:
Քննարկմանը ներկա էր նաև Թբիլիսիի հայերի պետական կրթության խորհրդի ղեկավար Դավիթ Մանուսաջևը, ով ասաց. «Թևդորաձեի առակությունները կատարելապես անիմաստ էին, համակարգված չէին: Վատիկանի դեսպանը ստիպված էր ասել փոխնախարարին` «դուք առարկում եք զուտ առարկելու համար` չխորանալով խնդրի էության մեջ»:
Թե’ Հայ Առաքելական եկեղեցին, թե’ Կաթոլիկ եկեղեցին Վրաստանում պաշտոնապես գրանցված չեն, քանի որ պետությունը հրաժարվում է նրանց կրոնական միավորման կարգավիճակ տալ: