Միջազգային հանդուրժողականության օրվա կապակցությամբ Վրաստանում մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը պարգևատրել է հանրության այն ներկայացուցիչներին, որոնց համար «առաջնային են օրենքները և ովքեր հանդուրժող վերաբերմունք են ցուցաբերում շրջապատող աշխարհի նկատմամբ»:
Գրասենյակում գործող կրոնական և էթնիկ խորհուրդներն ընտրել են տարվա մարդուն: Տարվա մարդ է ճանաչվել իրավապաշտպան Էմիլ Ադելխանովը, ով կոչ է արել պաշտպանել հայ գործընկերներին:
«Երևանում ադրբեջանական ֆիլմերի փառատոն պետք է տեղի ունենար, որի կազմակերպիչը իրավապաշտպան Գեորգի Վանյանն է: Այսպես կոչված, հայ հայրենասերները խափանել են փառատոնը, իսկ այժմ սուր քննադատության են ենթարկել Վանյանին և նրա գործընկերներին: Միգուցե կարող ենք ինչ-որ կերպ օգնել նրանց»,- թբիլիսյան իրավապաշտպանի խոսքերն է մեջբերում «Ազատություն» ռադիոկայանը: