ՀՀ կառավարության շենքի մոտ այսօր անցկացվող բողոքի ակցիաներից մեկի մասնակիցները պահանջում էին ազատ արձակել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանին:
Բողոքի ակցիայի մասնակցիներն էին ՀԱԿ ակտիվիստ Արեգ Գևորգյանը և նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին:
Արեգ Գևորգյանը Epress.am-ին փոխանցեց, որ իրենք պահանջում են Նիկոլ Փաշինյանի շութափույթ ազատագրումը, այլապես «ժողովրդի վրեժը շատ դաժան է լինելու»:
Ինչ վերաբերում է Վարդգես Գասպարիին, ապա վերջերս Epress.am-ի հետ զրույցում նշել է, որ ինքը ասելու ոչինչ չունի:
«Դիմեք Նիկոլին, հանդիպում պահանջեք նրա հետ, թող ինքն ասի իր խոսքը», – ասել է Գասպարին:
Երբ կառավարության նիստից հետո շենքից դուրս է եկել ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը, Գասպարին նրա հետևից քայլել է մինչև մեքենա` մեղադրանքներ ուղղելով նախարարի հասցեին:
«Մարդասպան», «Հանցագործ», «Արյունոտ ձեռքերդ հեռու Նիկոլից» Գասպարիի արտահայտությունների ներքո Դանիելյանը նստել է իր ավտոմեքենան և հեռացել: