«Քանի մեր իշխանությունները չեն հասկացել, որ, քաղկալանավոր ունենալով, կորցնում են երկիր, կորցնում են Ղարաբաղ, կորցնում են բանակցային գործընթացում դիրք, դատապարտված են ձախողումների»: Այսօր կայացած մամուլի ասուլիսին նման կարծիք է հայտնել քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:
Խոսելով քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի մասին` նա նշեց, որ միացել է քաղկալանավորների` այսօր հրապարակված հայտարարությանը, անկախ նրանից, որ որոշակի տարաձայնությունների ունի «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրի հետ. «Ես գերադասում եմ մարդու հետ վիճել, երբ նա գտնվում է ազատության մեջ»:
Սուրենյանցի կարծիքով` իշխանությունները «կրկնակի անբարո վարքագիծ» են կիրառում Նիկոլ Փաշինյանի և մյուս քաղկալանավորների նկատմամբ. «Նախ, որպես սկզբունք, անմեղ մարդկանց դատապարտելն արդեն իսկ անբարոյականություն է: Եվ երկրորդը` անբարոյականություն է, երբ որ անմեղ մարդու նկատմամբ կիրառվում են ֆիզիկական, հոգեբանական ճնշման մեթոդներ, ինչին այսօր ականատես ենք»:
Քաղաքագետը ադեկվատ չի համարում Նիկոլ Փաշինյանի և մյուս քաղբանտարկյալների անվտանգության մասին պահանջը. «Պահանջը մեկը պիտի լինի` ապահովեք այդ մարդկանց` ազատության մեջ գտնվելու իրավունքը»:
Նա տեղակացրեց, որ առաջիկա օրերին պատրաստվում է նամակ ուղարկել նախագահ Սերժ Սարգսյանին:
«Ես անցած դեկտեմբերին մեկ այդպիսի նամակ գրել եմ կալանավորների թեմայով, որից հետո հանդիպում եմ ունեցել աշխատակազմի շատ բարձրաստիճան պաշտոնյայի հետ: Ես առաջիկա օրերին չեմ զլանա և Հայաստանի քաղաքացու իրավունքով ևս մեկ նամակ կհասցեագրեմ Հայաստանի նախագահին այդ թեմայով, և հույս ունեմ, որ որոշակի արձագանք կլինի, ինպես եղավ առաջին նամակի դեպքում», – հայտարարեց փորձագետը:
Պատասխանելով հարցին` հնարավոր է արդյոք, որ փորձագետն իր նամակում առաջարկություն անի նաև վերջերս տարբեր խոսակցությունների թեմա դարձած փոքր համաներման մասին լուրը, Սուրեն Սուրենյանցը պատասխանեց.
«Տղերքին նստացրել են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: Ես կամ որևէ այլ մարդ պատասխանատվություն չի կրում մարդկանց ազատազրկման համար: Ցանկացած ձև, որը կօգտագործի հանրապետության նախագահը մարդկանց ազատ արձակելու համար, ես կընդունեմ, բացի մարդկանց պարտադրելուց»: