Այս տարի Ռուսաստանի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունն աճել է 12 տոկոսով: Այս մասին Մոսկվայում ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահը խոսել է նաև անցյալ տարի Հայաստանի տնտեսության մեջ ՌԴ-ի կողմից արված ավելի քան կես միլիարդ դոլարի ներդրումների մասին, որոնք այս տարի ևս շարունակվում են:
«Մեր երկարաժամկետ տնտեսական կապերի ապացույցն են այն նախագծերը, որոնք մենք այժմ համատեղ իրականացնում ենք: Դա վերաբերում է Մեծամորի ԱԷԿ-ի նոր բլոկի շինարարությանը, մեր երկաթուղային տրանսպորտի արդիականացմանն ու ընդլայնմանը: Կան մեծ և երկարաժամկետ ներդրումներ կապի ոլորտում: Իրականում, մենք շատ լավ զարգանում ենք»,- ասել է Սերժ Սարգսյանը` ՌԴ կառավարության նախագահին շնորհակալություն հայտնելով մեր երկրին տրամադրված վարկի համար: Հանրապետության ղեկավարի խոսքով` եթե չլինեին այդ գումարները, տնտեսության վերականգնման գործում Հայաստանը զգալի դժվարություններ կունենար:
Սերժ Սարգսյանը նշել է, որ, ցավոք, այդ ամենի հետ մեկտեղ, գյուղատնտեսության ոլորտում այս տարի անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով, ինչպես և Ռուսաստանում, արձանագրվել է անկում:
«Եթե մեր արդյունաբերությունն աճում է մոտ մինչև 10 տոկոս, ապա գյուղատնտեսությունում ունենք 17-18 տոկոս անկում: Սակայն լիահույս ենք, որ Ռուսաստանի հետ համագործակցության արդյունքում, մենք դուրս կգանք ճգնաժամից, քանի որ մեր հիմնական ձեռնարկությունները կա´մ համատեղ են, կա´մ ռուսական կապիտալով»,- ասել է նախագահը:
Պուտինը վստահեցրել է, որ Ռուսաստանը, իմանալով Հայաստանի կարիքները, պատրաստ է այսուհետ ևս համագործակցելու և աշխատանքային մակարդակով բոլոր հարցերը համաձայնեցնելու:
«Չնայած, մեզ մոտ ևս այս տարի լուրջ դժվարություններ կան գյուղատնտեսությունում, և դրանք կապված են եղանակային պայմանների հետ, այնուամենայնիվ, մենք արձագանքեցինք մեր հայ բարեկամների խնդրանքին ու այս տարի սեպտեմբերին ցորենի սերմացու ուղարկեցինք, որպեսզի ցանքը ժամանակին կատարվի, և մյուս տարի լավ արդյունք ապահովվի»,- ի պատասխան ասել է ՌԴ կառավարության ղեկավարը:
Պուտինը ևս նշել է, որ Ռուսաստանն ավանդաբար համարվում է Հայաստանի առաջատար առևտրատնտեսական գործընկերը և ավելորդ է համարել այդ պարագայում ապրանքաշրջանառության մասին խոսելը` ընդգծելով, որ այն վատ մակարդակի վրա չէ:
«Մեր խոշորագույն ընկերություններն ակտիվ աշխատում են հայկական շուկայում, և մենք երախտապարտ ենք Ձեզ, որ Դուք և Հայաստանի կառավարությունն այդ աշխատանքի, համագործակցության համար ստեղծում եք անհրաժեշտ պայմաններ»,- ասել է Պուտինը: