Այսօր Կառավաության նիստի առաջ բողոքի ակցիա իրականացնող հայկական բանակում զոհված զինվորների հարազատներին նիստից հետո մոտեցել է ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նշենք, որ նախարարի թիկնապահները թույլ չեն տվել Epress.am-ի լրագրողին ձայնագրել Սեյրան Օհանյանի և ծնողների զրույցը, հրել են նրան, ինչպես նաև ձեռքով փակել են տեսախցիկի օբյեկտիվը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԸ` http://www.epress.am/FVideo.aspx?vdid=98
Նախարարի հեռանալուց հետո 2008 թվականի մայիսի 9-ին Մեղրու Ագարակի զորամասում սպանված Նարեկ Գալստյանի հորաքույրը մեզ հետ զրույցում փոխանցել է, որ նախարարը իր հեռախոսահամարն է վերցրել և խոստացել գործերին հետևել:
«Սեյրան Օհանյանն ինձ ասաց, որ արդեն փակված գործի մասին կտեղեկացնի փոխնախարարին, որպեսզի վերջինս վերանայի այն: Բայց թե երբ է գործը փակվել, երբ է եղել վերջին դատավարությունը, ես չգիտեմ: Ես եմ իրավահաջորդը, իսկ գործի փակման մասին նոր եմ իմանում»,- պատմել է զինվորի հորաքույրը:
Նա նշել է, որ, ըստ դատաբժշկական փորձաքննության արդյունքների, տղան մահացել է բենզինի գազից:
«Ասում են, թե գնացել էր բենզին գողանալու, մտել էր տարայի մեջ ու չէր կարողացել դուրս գալ: Մեր էրեխեն 2 տարի վարորդ ա եղել, ինքը ինչի չէր հասկանում, որ եթե մտնի չի կարող դուրս գալ: Ուղղակի չեն ուզում իրականությունն ասել: Իսկ իրականություն այն է, որ մայիսի 9-ին` Հաղթանակի օրը, բոլոր վերադասները կերած, խմած, հարբած մտել են չաստ, էնքան են ծեծել մեր էրեխուն, որ մեռել է: Հետո էլ տարել, գցել են բենզինի տարրայի մեջ, ու ասում են` գնացել էր բենզին գողանալու»,- ասել է կինը:
Նա հավելել է նաև, որ չի հավատում, որ Սեյրան Օհանյանն ինչ-որ բան կանի, քանի որ ինքն արդեն 3 տարի է պահանջում է իրական մարդասպանների բացահայտում, ու ոչ մի արդյունքի չի հասել: