Մոսկվայում ընթացող բլիցի աշխարհի առաջնության ավարտից մեկ տուր առաջ հայաստանցի շախմատիստ Լևոն Արոնյանը նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը: Մինչ նախավերջին` 37-րդ տուրը, Լևոնն արդեն իսկ 1,5 միավորի առավելություն ուներ երկրորդ տեղում ընթացող ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի նկատմամբ:
Նախավերջին տուրում Արոնյանը սպիտակներով պարտվեց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին, սակայն իր հիմնական մրցակիցը` Թեյմուր Ռաջաբովը, պարտվեց Սլովակիան ներկայացնող Սերգեյ Մովսեսյանին, և մեր գրոսմայստերն անհասանելի դարձավ մրցակիցների համար:
Վերջին տուրն Արոնյանի համար ձևական բնույթ էր կրում: Նա 24,5 միավոր ուներ, իսկ նրան հետապնդող Ռաջաբովն ու Կառլսենը 23-ական: Լևոնը պարտություն կրեց Պետր Սվիդլերից, իսկ երկրորդ տեղը զբաղեցրեց Թեյմուր Ռաջաբովը, ով մեր շախմատիստին զիջեց կես միավոր` 24: Իսկ ահա երրորդ տեղում էր 23,5 միավոր վաստակած Մագնուս Կառլսենը, ով հաղթող էր ճանաչվել նախորդ բլիցի աշխարհի առաջնությունում:
Նշենք, որ վերջին երկու շաբաթը բացառիկ հաջողված էին Լևոնի համար: Նախ, նա Միխայիլ Տալի անվան հուշամրցաշարում կիսեց առաջին տեղը ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի և Սերգեյ Կարյակինի հետ, իսկ հետո դարձավ բլիցի աշխարհի չեմպիոն: