Ամերիկացի գիտնականները պնդում են, որ ծխախոտի ծուխը կարող է հանգեցնել լսողության կորստի, գրում է utro.ru-ն:
Մայամիի համալսարանի գիտնականները 5 տարի հետազոտություններ են կատարել` ուսումնասիրելով 20-69 տարեկան 3307 չծխող մարդու: Նրանց արյան մեջ կոտինին նյութի տարբեր բաղադրություն են գտել: Կոտինինը նյութ է, որով չափում են ծխախոտի ծխի ազդեցությունը: Հետազոտությունները ցույց են տվել, որ ծխախոտի ծխի ներքո գտնվողները հակված են լսողության հետ խնդիրներ ունենալ: Առավել շատ վտանգված են միջին և մեծ տարիքի տղամարդիկ: Կանանց դեպքում լսողության հետ խնդիրներ ունենալու հավանականությունն ավելի փոքր է:
Նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ծխախոտի ծուխը համարում է մարդու առողջությունը վտանգող գլխավոր գործոններից մեկը: Միացյալ Նահանգներում տարեկան 55 հազար մարդ է մահանում ծխախոտի ծխի ազդեցոթյունից: Այն առաջացնում է մի շարք հիվանդություններ, այդ թվում` քաղցկեղ, գլխի ուռուցք, սրտանոթային հիվանդություններ, շնչառական խնդիրներ, ինչպես նաև կարող է վաղաժամ ծննդաբերության պատճառ դառնալ: