Հայկական խաչքարերն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի «ոչ նյութական մշակութային ժառանգության» ցանկում: Նման որոշում կայացվել է «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի անդամ պետությունների միջկառավարական կոմիտեի 5-րդ նստաշրջանում, որն անցկացվել է Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում:
ՅՈՒՆԵՍԿՕ ներկայացված տարբեր երկրների ազգային ոչ նյութական մշակութային ժառանգության մաս կազմող արժեքներից փորձագետների ընտրությամբ Քենիայի խորհրդաժողովի օրակարգ է մտել 47 հայտ: Նշված ցանկում տեղ է գտել նաև Հայաստանի Հանրապետությունը` իր “Symbolism and craftsmanship of Khachkars, Armenian cross-stones” («Խաչքարի խորհուրդը և խաչքարագործությունը. հայկական խաչքարեր») ոչ նյութական մշակութային արժեքի հայտով, որը ներկայացնում է խաչքարի ծագումնաբանությունը, զարգացման ժամանակագրությունը, հորինվածքը, պատկերագրությունը, ազգային պատկերացումները, ժողովրդի կյանքում խաչքարի դերակատարությունը, գործառույթները, դրսևորման ձևերը, ինչպես նաև ժամանակակից խաչքարագործության զարգացումները:
Խորհրդաժողովի ընթացակարգի համաձայն` հայտերը քննարկվել են այբբենական կարգով: Առաջինը ներկայացվել է Հայաստանի հայտը: Կոմիտեի անդամ են «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիային միացած ավելի քան 100 պետություններից 24-ի ներկայացուցիչները` Կիպրոս, Իտալիա, Իսպանիա, Ալբանիա, Ադրբեջան, Խորվաթիա, Չեխիայի Հանրապետություն, Կուբա, Գրենադա, Նիկարագուա, Պարագվայ, Վենեսուելա, Չինաստան, Ինդոնեզիա, Իրանի Իսլամական Հանրապետություն, Ճապոնիա, Կորեայի Հանրապետություն, Բուրկինա Ֆասո, Քենիա, Մադագասկար, Նիգերիա, Հորդանան, Մարոկկո, Օման:
Քենիայում քննարկման ընթացքում Ադրբեջանի ներկայացուցիչը ի թիվս այլ փոփոխությունների, պահանջել է հայկական հայտի անվանումը խմբագրել «Հայկական խաչքարի խորհուրդն ու խաչքարագործությունը» տարբերակով: Սրանով փորձել է հաստատել, որ խաչքարագործությունը միայն հայերինը չէ և այն բնորոշ է կովկասյան ալբանացիներին, որոնց հետնորդները իբրև թե ադրբեջանցիներն են:
Միջկառավարական կոմիտեն հաշվի չի առել ադրբեջանական կողմի պնդումները և ընդունել է հայկական կողմի առաջարկած “Armenian cross-stones art. Symbolism and craftsmanship of Khachkars” («Հայկական խաչքարի արվեստը. խաչքարի խորհուրդն ու խաչքարագործությունը») տարբերակը: