Այսօր ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել, համաձայն որի 2011թ. հունվարից ՀԴՄ կտրոնների վիճակահանության արդյունքում շահող կհամարվեն ՀԴՄ այն կտրոնները, որոնց հատուկ համարի 2 և ավելի նիշերն առաջին կամ վերջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ կհամընկնեն վիճակահանության արդյունքում հայտնի դարձած թվերին։
Որոշմամբ նախատեսվում է յուրաքանչյուր վիճակահանության ժամանակ խաղարկել տասը ավտոմեքենա, այդ թվում` ութ և յոթ նիշերի համընկմամբ հատուկ համար պարունակող շահումների դեպքում տրամադրել մեկական ավտոմեքենա և համապատասխանաբար 1 մլն և 100 հազար դրամ պարգևավճար, իսկ ավտոմեքենաների չսպառված քանակները տրամադրել համապատասխանաբար վեց և հինգ թվերի համընկմամբ շահած` կտրոնի առավելագույն գործարքի արժեք ունեցող կտրոն ունեցող անձանց։
6, 5, 4, 3, 2 թվերի` առաջին կամ վերջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ շահողները համապատասխանաբար կստանան հիսուն հազար, քսան հազար, հինգ հազար, երկու հազար, հինգ հարյուր դրամ։
Որոշման համաձայն դադարեցվում է վիճակահանության արդյունքում չշահած կտրոնների խմբաքանակի դիմաց բոնուսների վճարումը։ Դրա փոխարեն նախատեսվում է, որ 2011թ. հունվար ամսվա վիճակահանությանը կմասնակցեն նաև 2010թ. հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին տրամադրված ՀԴՄ կտրոնների հատուկ համարները։ Այդ կապակցությամբ 2011թ. հունվար ամսվա վիճակահանությանը կհատկացվի երեսուն ավտոմեքենա։