«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը փաստաբան Վահե Գրիգորյանի միջոցով հայտարարություն է տարածել` պատասխանելով Արդարադատության նախարարության խոսնակ Արսեն Բաբայանի հայտարարությանը, որը Փաշինյանը և փաստաբանը որակել են որպես հերթական սուտ հայտարարություն:
«2010 թվականի նոյեմբերի 16-ին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանը հայտարարել է, թե իբր Նիկոլը երկարատև տեսակցությունից հետո հրաժարվել է մուտք գործել բնակելի գոտի և իբր իր բանավոր դիմումի հիման վրա ՔԿՀ վարչակազմը իրեն մեկուսացրել է անվտնագության նկատառումներով: Նիկոլը միանշանակ պնդում է, որ այս տեղեկատվությունը չի համապատասխանում իրականության: Նոյեմբերի 14-ին տեղի է ունեցել հետևյալը. Երկարատև տեսակցությունից հետո ՔԿՀ-ի հերթապահ խմբի պատասխանատու հերթապահ Ֆահրադ Մարտիրոսյանը, անվտանգության ապահովման բաժնի պետ Արտավան Բաղդսարյանն իրեն արգելել են մուտք գործել բնակելի գոտի` պատճառաբանելով, թե օպերատիվ տեղեկություններ ունեն, որ իր կյանքի և անվտանգության համար բնակելի գոտում սպառնալիքներ կան, ուստի իրենք որևէ պարագայում թույլ չեն տալու մուտք գործել բնակելի գոտի, և իրեն առաջարկել են դիմում գրել, համաձայն որի ինքը խնդրում է, որ իրեն տեղափոխեն բնակելի գոտուց առանձին տարածք` անվտանգության ապահովման նկատառումներով», – նշված է Նիկոլ Փաշինյանի և Վահե Գրիգորյանի հայտարարության մեջ:
Փաստաբանը նշել է, որ Նիկոլ Փաշինյանն այդ առաջարկին պատասխանել է. «Օպերատիվ տեղեկությունը դուք ունեք, իմ անվտանգության պատասխանատուն, ըստ օրենքի դուք եք, դուք էլ ապահովեք այդ ամենը»:
Փաշինյանը հրաժարվել է դիմում գրել, որից հետո իրեն առաջարկվել է արձանագրություն կազմել, ըստ որի, ինքը խնդրում է իրեն տեղափոխել:
Փաստաբանի խոսքով՝ Փաշինյանը հրաժարվել է նաև նման արձանագրության կազմմանը մասնակցել: Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը, դիմելով ՔԿՀ պետին, հետաքրքրվել է, թե որն է իրեն մեկուսացնելու պատճառը:
Իրեն պատասխանել են, որ իր անվտանգությունն ապահովելու նկատառումներից ելնելով են իրեն մեկուսացրել: Բայց մեկուսացնելով հանդերձ իր նկատմամբ կիրառել են պատժախցում գտնվող դատապարտյալի նկատմամբ կիրառվող սահմանափակումները:
«Այն, ինչ արդարադատության նախարարությունը հայտարարել է միանշանակ սուտ է, Նիկոլը որևէ դիմում չի գրել, ոչ բանավոր և ոչ էլ գրավոր որևէ մեկին չի խնդրել իրեն տեղափոխել», – Նիկոլ Փաշինյանի հետ երեկ տեսակցելուց հետո նրա խոսքերն է փոխանցել փաստաբան Վահե Գրիգորյանը: