ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին, որում ընդգրկված էին երկու տասնյակից ավելի հարցեր։
Կառավարությունների ղեկավարներն ընդունել են ազատ առևտրի գոտու ստեղծման պայմանագրի նախագծի նախապատրաստման ընթացքի մասին որոշումը։
Պատրաստվող փաստաթղթի նախագիծը դեռևս պիտի ներկայացվի ԱՊՀ անդամ- պետությունների ղեկավարների հաստատմանը։
Կառավարությունների ղեկավարներն անդրադարձել են հեռախոսային հաղորդակցության ոլորտում մրցակցության մակարդակի հիմնահարցին, ինչպես նաև մինչև 2020թ. ԱՊՀ անդամ-երկրների միջև նորարարության ոլորտում միջպետական համագործակցության ծրագրերին։
Նիստի ընթացքում նշվել է, որ ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի շրջանակներում 2008-2010թթ. ընթացքում Հայաստանի Հանրապետությունն իրականացրել է 32 ծրագիր։ Միայն 2010թ. Հայաստանում անցկացվել է 9 միջոցառում։ Մասնավորապես, հունիսի 26-ից հուլիսի 2-ը Երևանում կայացել են ԱՊՀ երկրների երիտասարդական դելփյան խաղերը, իսկ հոկտեմբերի 25-29-ը` ԱՊՀ և Բալթյան երկրների հրատարակիչ-թարգմանիչների 4-րդ համաժողովը։
Ինչպես հայտնում են Կառավարությունից, նիստի մասնակիցները քննարկել են նաև մինչև 2020թ. իրականացվելիք համատեղ տնտեսական զարգացման ռազմավարության մշակման և դրա շրջանակներում նախատեսված ծրագրերը, ինչպես նաև ԱՊՀ երկրների տարբեր մարմինների գործունեության 2011թ. միասնական բյուջեն։ Գործադիրի ղեկավարներն ամրագրել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք պայմանավորվածություններ։