Ռուսաստանյան մարզական մամուլը լայնորեն լուսաբանում էր Մոսկվայում երեկ ավարտված բլիցի աշխարհի առաջնությունը: Բնական է, որ լրագրողները մեծ ուշադրություն են դարձրել մրցաշարի հաղթող Լևոն Արոնյանի խաղին: «Մոգը», «վարպետը», «լուսավորված Լևոնը»՝ այսպիսի մակդիրներ էին հասցեագրում Արոնյանին մասնագետները:
Մեր գրոսմայստերի մասին խոսում էին նաև որպես «լավագույն աուրիստի». Արոնյանի աուրան, իրոք շատ հաճախ հիպնոզի էր ենթարկում մրցակիցներին:
«Ես ընդհանրապես բախտավոր խաղացող եմ, բայց այս մրցաշարին բախտը ժպտում էր ինձ անգամ իմ չափանիշներով», – մրցաշարից հետո համեստորեն նշել է Լևոն Արոնյանը: Պաշտոնական կայքում մրցաշարը լուսաբանող Միխայիլ Սավինովը նշում է, որ դժվար է հավատալ, որ մեկ մարդը կարող է հաջող խաղալ միայն բախտի շնորհիվ երեք օրվա ընթացքում և 38 տուր շարունակ:
«Եթե, իհարկե, չհավատալ, որ կան մարդիկ, որոնց ամբողջ կյանքում բախտը ժպտում է», – գրում է Սավինովը:
Վերլուծաբանը նաև նշում է, որ Լևոն Արոնյանի տախտակի մոտ բոլոր 38 տուրերի ընթացքում նրա պարտիաներին հետևում էր մի երիտասարդ աղջիկ:
Շախմատային փորձագետ Գեննա Սոսոնկոյին հետաքրքրել նրա ով լինելը, և պարզվել է, որ երիտասարդ աղջիկը Լևոնի երկրպագուն է, ով ժամանել էր Մոսկվա Սանկտ-Պետերբուրգից` հայաստանցի շախմատիստի խաղին հետևելու համար: Դե ինչ, փնտրեք կնոջը, եզրակացնում է Սավինովը:
Նշենք նաև, որ վերլուծաբանն Արոնյանի խաղի մեջ նաև ֆուտբոլային ելևէջներ է նկատել.
«Արոնյանը հաղթեց «Զենիթի» նման՝ շարքային հաղթանակների շարանով»:
Իսկ դահլիճում գտնվող երկրպագուները Արոնյանին համեմատում էին նաև «Բարսելոնայի» հետ՝ հայաստանցի շախմատիստը հաղթում էր, կարծես, առանց ճիգեր գործադրելու:
Ինչպես այստեղ՝ Նակամուրայի հետ խաղում: