«Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի կազմակերպման աշխատանքներին մասնակցելու նպատակով Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 17-ին աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
Նույն օրը Սահակյանը Լոս Անջելեսում հանդիպում է ունեցել ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Ավետիք Իզմիրլյանի, Կենտրոնական կոմիտեի անդամներ Քրիս Գյուլջյանի և Վարուժ Ուրֆալյանի, Հայ օգնության միության Ամերիկայի արևմտյան շրջանի ատենապետուհի Արուսյակ Մելքոնյանի, Համազգային միության ԱՄՆ արևմտյան շրջանային վարչության ներկայացուցիչ Վիգեն Հաբոյանի և «Հոմենետմեն ԱՄՆ» արևմտյան շրջանային վարչության ատենապետ Գառնիկ Աբրահամյանի հետ:
Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Սփյուռք փոխհարաբերություններին, հանրապետությունում սոցիալ-տնտեսական իրավիճակին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր:
Բակո Սահակյանը կարևորել է Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների շարունակական ամրապնդման անհրաժեշտությունը` այն համարելով հայ ժողովրդի և նրա պետականության առջև ծառացած խնդիրները լուծելու ամենաարդյունավետ միջոցներից մեկը:
Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: