Home / Армения / Դատարանը չփոփոխեց Նիկոլ Փաշինյանի պատժաչափը (թարմացված)

Դատարանը չփոփոխեց Նիկոլ Փաշինյանի պատժաչափը (թարմացված)

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանն իր պատժաչափի հետ կապված որոշումը կապում է իր հասարակական և լրագրողական գործունեությունն իշխանությունների կողմից  սահմանափակելու ցանկության հետ: Այս մասին Փաշինյանը հայտարարել է այսօր «Կոշ» քրեակատարողական հիմնարկում կայացած դատական նիստի ժամանակ:

Նշենք, որ այսօր դատարանը որոշում է կայացրել չփոխել Նիկոլ Փաշինյանի պատժաժամկետը` մերժելով վերջինիս փաստաբանների միջնորդությունը:

Դատական նիստի ընթացքում, որը կայացել է «Կոշ» ՔԿՀ-ում, քննվում էր Փաշինյանի պատժամիջոցի ժամկետի ճշգրիտ սահմանելու հարցը: Քաղբանտարկյալի փաստաբանները նշում են, որ Նիկոլ Փաշինյանի համար սահմանված պատժի չկրած մասի կրճատման հաշվարկ կատարելու վերաբերյալ «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Տ. Նավասարդյանի կողմից 25.05.2010թ. կայացված որոշմամբ պատժի կրճատման հաշվարկը կատարվել է ակնհայտ սխալ, որի հետևանքով Փաշինյանի պատժաչափը փաստացի ավելացել է շուրջ հինգ ամիս ժամանակով:

Փաստաբանները պահանջում են, որպեսզի Փաշինյանի պատժի հաշվարկն իրականացվի համապատասխան օրենսդրության համաձայն: Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի պատժի չափը սահմանվել է 7 տարի, և կրճատվել կեսով, սակայն ստեղված իրավիճակում պատժաչափն ավելացել է 5 ամսով այն պատճառով, որ նրա նկատմամբ ընտրված է եղել կալանավորում խափանման միջոցը, և մինչ նրա գործով դատավավճիռի հրապարակումը բանտում անցկացրած ժամանակահատվածը չի հաշվարկվել:

Փաստաբանները միջնորդել են դատարանին փոխել որոշումը, քանի որ դեռևս ամիսներ առաջ ՀՀ դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչությունը հայտարարել էր, որ այդ որոշումը օրենքին հակասող է և պետք է վերացվի, սակայն երկու օր առաջ դատական նիստի ժամանակ այդ նույն կառույցի ներկայացուցիչը որոշումը համարել է ճիշտ:

Ինչպես հաղորդում է Epress.am-ի լրագրողը, նիստի ընթացքում Փաշինյանը ելույթ է ունեցել և նշել, որ եթե իր պատժաչափը ճիշտ սահմանվի, ապա ինքը պետք է ազատ արձակվի 2013թ. հունվարի 1-ին, իսկ ներկա դրությամբ նա պատիժը կրելու է մինչև 2013թ. մայիս:

Փաշինյանի խոսքով` եթե հերթը հասնի նրան, որ Սերժ Սարգսյանն առաջադրվի 2013թ. նախագահական ընտրություններին, ապա 2013թ.մայիսի դրությամբ ընտրություններն արդեն ավարտված կլինեն: Լրագրողը հայտարարել է, որ այդքանով իշխանությունները փորձում են անել այնպես, որ ինքը չմասնակցի նախընտրական գործընթացներին:

«Ես ուզում եմ հիասթափեցնել Սերժ Սարգսյանին: Ինձ լռեցնել հնարավոր չէ: Բանտում լինեմ, թե պատժախցում, ազատության մեջ, թե անազատության մեջ, միևնույնն է, պայքարելու եմ ազատ և երջանիկ Հայաստանի համար»,-  ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ վերջին օրերի ընթացքում պատժախցում գտնվելու պայմաններում ինքը հնարավորություն չունի գրել, քանի որ իրեն թուղթ ու գրիչ չեն տրամադրում: