Ռուբեն Գևորգյանցի նման աննշան մեկին դատապարտելն անիմաստ է, ասված է Սթոքհոլմում բնակվող գրող Վահե Ավետյանի` Facebook-ով տարածած հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ նախօրեին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցը հետաձգված ադրբեջանական ֆիլմերի փառատոնի կազմակերպիչ, «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոն» հ/կ-ի նախագահ Գեորգի Վանյանին «առնետ» անվանեց և հայտարարեց. «Առնետներին պետք է գնդակահարել: Ես սխալ լինեմ, թող ինձ գնդակահարեն: Ես գիտեմ, որ ես սխալ չեմ, ինձ չեն գնդակահարի: Ջնջվելու են գնան, իրենք իրավունք չունեն հայ կոչվելու»:
Ի պատասխան Վանյանի նկատմամբ բռնության կոչերի` Ավետյանը, մասնավորապես, գրում է.
«Սոցիալական ցանցերում ատելության էջեր բացող ու բռնության կոչ անող լածիրակներին էլ է անիմաստ դատապարտելը: Շրջափակումից սմքած ուղեղներով արարածներ են, որոնց լափի դիմաց որսացել են գևորգյանցներն ու նրա տերերը:
Անիմաստ է դատապարտել ոստիկանությանը` Գևորգյանցի ու լածիրակների դեմ արդեն իսկ քրեական գործ չհարուցելու համար, քանի որ նրանք բռնության կոչերն արել են հասարակավ, բազում վկա կա, իսկ կինոգործիչն իր կոչը տարածել է մամուլի ասուլիսով, և դա բավարար է ոստիկանությանը` վարույթ սկսելու համար, Հայաստանի ներկայիս օրենքներով:
Անիմաստ է դատապարտելը նաև ինքնանշանակ իշխանություններին, որ չեն պարտադրում ոստիկանությանն աշխատել, կամ սաստում տգետ ֆունկցիոներին ու բռի երիտասարդներին: Կատարվածը նրանց կամ իրենց ճորտերի արած առաջին, կամ վերջին խուլիգանությունը չէ:
Նրանց փոխարեն դատապարտում եմ մտավորական հորջորջվող հայ հանրությանը Հայքում ու Սփյուռքում, որը չի հասկանում, որ նման դեպքերում լռելն ու անմիջապես չդատապարտելը հայտարարությամբ տհասություն է:
Հարմարվողականորեն լռած ու լռող հայ մտավորական, դատապարտում եմ քո անբարոյականությունը»: