«Հայկական ժամանակ» թերթի խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի պատժաչափի հետ կապված այսօրվա որոշումն անսպասելի չէր, դատավարությունից հետո լրագրողներին ասել է Փաշինյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը:
«Կայացված որոշումը, իհարկե, գնահատում ենք որպես հերթական ապօրինի որոշում Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, և բողոքարկելու ենք Հայաստանի ներպետական ատյանները սպառելուց հետո նաև Եվրոպական դատարան»,- ասել է Վարոսյանը:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի` 15 օր պատժախցում մնալու հանգամանքին` պաշտպանն ասել է, որ երբ Նիկոլ Փաշինյանին կիրակի օրն առանձնացրել են պատժախուց, ինքը նոյեմբերի 16-ին` նախորդ դատական նիստի օրը, դիմում է գրել, որով խնդրել է իրեն տեղափոխել ընդհանուր գոտի:
«Իրեն պատասխանել են հետին թվով կայացրած որոշմամբ, որ իրեն տույժի են ենթարակել, և դրա համար գտնվում է պատժախցում և որ 15 օր ժամանակով տեղափոխում են պատժախուց` այդ տույժի հետևանքով»,- նշել է պաշտպանը:
Վարոսյանը բացատրել է նաև, թե ինչպես են ձևակերպել Նիկոլ Փաշինյանին տույժի ենթարկելու որոշումը. «Փաստաբանների հետ հանդիպումներից մեկից հետո ինքը հերթապահ մասում հրահանգի չի սպասել, այլ առանց հրահանգի ինքնուրույն գնացել է ներս` ՔԿՀ տարածք, ու դրա համար տույժ են տվել, հերթական անհեթեթությունն է: Մի բան պիտի ձևակերպեին` նրան պատժախցում պահելու համար, գտել են այդ հարմար տարբերակը»: