Օրաթերթը Սյունիքի մարզպետի ընտանիքի հետ կապված հերթական միջադեպն է ներկայացնում:
Մեր ունեցած տեղեկություններով` օրերս Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի եղբայրը` Աղալարը, որի անունը մշտապես շրջանառվում է աղմկահարույց պատմությունների շրջանակներում, առիթ է ունեցել հերթական «ռազբորկան» հեղինակելու: Բանն այն է, որ Սուրեն Խաչատրյանի` «Լիսկայի» եղբայրը Սյունիքի մարզում բավականին ուշագրավ առաքելություն ունի. նրան հիմնականում դիմում են այն մարդիկ, ովքեր ինչ-որ մեկին «փող ունեն տալու» կամ «ստանալու»: Օրերս այդպիսի մի հարցով նա «հանդիպել» է Գորիսի բնակիչներից մեկի հետ, ով համաձայնել է վերադարձնել իր պարտքը: Իրադարձությունները, սակայն, այլ կերպ են զարգացել. Աղալարը, ստիպել է այդ մարդուն պարտքը վերադարձնելուց հետո իրեն վճարել կլորիկ գումար այն բանի համար, որ նա ուշացրել է պարտքը: Այսինքն` մարզպետի եղբայրը «նալոգ» է պահանջել` «տոկոսի» տեսքով: Գորիսի բնակիչը հրաժարվել է վճարել գումարը. մեր աղբյուրի փոխանցմամբ` նա երիտասարդ տղա է, որին Աղալարն ու նրա թայֆան այնքան են ծեծել, որ երիտասարդը կորցրել է գիտակցությունը: «Զոհին» ուշքի բերելուց հետո Աղալարը նրանից խոստում է կորզել, որ տոկոսն անպայման վճարելու է, ապա սպառնացել է, որ եթե իրավապահները հանկարծ սրա մասին իմանան, ապա երիտասարդն ու նրա ընտանիքը լուրջ խնդիրներ են ունենալու: