Տեսակետ կա, որ բռնությունը բնորոշ է ցածր խավին: Սակայն հետազոտությունները ցույց են տալիս, որ սոցիալապես ապահով կամ ավելի բարձր խավի մարդկանց էլ բնորոշ է իրենց սեփական լարվածությունն ընտանիք տեղափոխելը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով Հայաստանում երեխաների հանդեպ իրականացվող բռնության մասին, ասել է Եվրահանձնաժողովի երեխաների հանձնաժողովի ոլորտի փորձագետ Անահիտ Սահակյանը:
Նա ներկայացրել է երեխաների դեմ կատարվող բռնությունների տեսակները` ֆիզիկական բռնություն, ինչպես օրինակ ծեծ, կսմթոց, երեխային խեղդելու փորձ, պատուհանից դուրս նետել, սեռական բռնություն, երբ երեխային ներքաշում են բուն սեռական ակտի մեջ, ինչպես նաև սեփական մարմինը երեխայի առաջ մերկացնելը, կամ հակառակը` երեխային մերակացնելը և նրան դիտելը կամ սեռական օրգաններին ձեռք տալը: Որպես տարածված բռնության ձև նա նշել է նաև հոգեբանական բռնությունը, երբ երեխային ստորացնում են, մտադրված գցում են նրա ինքնագնահատականը:
Բանախոսը նշել է, որ Արևմուտքը բռնության առումով բացառություն չէ, բայց Արևելքում բռնությունն առկա է որպես մշակույթ.
«Մեր երկրում, ցավոք սրտի, ֆիզիկական պատիժները դեռևս ընդունելի են: Ժողովրդի մեջ նման հասկացություն կա, չէ` հոր ապտակով մեծացած մարդ»:
Epress.am-ի այն հարցին, թե ինչ աշխատանքներ են տարվում թե’ պետական, թե’ հասարակական կազմակերպությունների մակարդակով, որպեսզի նվազեցվի երեխաների հանդեպ բռնությունը, բանախոսը պատասխանել է.
«Պետությունը` ի դեմս դատարանի, ի դեմս արդարադատության, և այլ օրենսդրական ակտերի միջոցներով կարողանում է պատժել նման դեպքերը: Կան նաև ոչ պետական այլ ծրագրեր` դա «Ընդդեմ բռնությունների» ծրագիրն է` եվրահանձնաժողովի ծրագիրն է` համաձայնեցված մեր կառավարության հետ, որն այսօր մենք իրականացնում ենք: Ի՞նչ ենք անում մենք. երեք տարածքում ` Լոռի, Սյունիք Երևան, ծրագիրը փորձում է վերապատրաստումների, համապատասխան ձեռնարկների, երեխաների նկատմամբ բռնության վաղ հայտանաբերման և կանխարգելման մեխանիզմների ստեղծման միջոցով կանխել բռնության դեպքերը»,- ներկայացրել է Անահիտ Սահակյանը:
Նշենք, որ ասուլիսը նվիրված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցով այսօր նշվող երեխաների համաշխարհային օրվան: