Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը բավական լարված է, շատ հաճախ փոխհրաձգություն է տեղի ունենում, պատերազմի հավանականությունը մոտ է զրոյի: Այսպես է Newcaucasus.com-ի` ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի վերսկսման հավանականության մասին հարցին պատասխանել Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Եթե երեխան, ձեր պատուհանի մոտ վազելիս, քարով ջարդում է ապակին, դա չի նշանակում, որ նրա հայրը վաղը ռմբակոծիչով կգա և ռումբեր կնետի ձեր տան վրա, անգամ եթե նա ռազմական օդաչու է»,- իր միտքը պատկերավոր բացատրել է փորձագետը:
Իսկանդարյանի խոսքով` փոխհրաձգություն սկսելու համար որոշակի պատճառներ, ռեսուրսներ և մոտիվացիաներ են հարկավոր, միանգամայն այլ մոտիվացիաներ են հարկավոր` պատերազմը սկսելու համար:
«Ի դեպ, պատերազմի մեկնարկից առաջ ավելի հաճախ դադար է լինում, այլ ոչ թե փոխհրաձգություն, քանի որ դա պատերազմը սկսելու ամենահայտնի ռազմավարություններից մեկն է», – ասել է քաղաքագետը:
Նրա խոսքով` ադրբեջանական հասարակությունում, ինչպես ցույց են տալիս բոլոր հարցումները, ռևանշի ձգտող մարդկանց թիվն ավելանում է, և այդ փաստին պետք է արձագանքել:
«Եթե դու մի տեղ գնում ես, ինչ-որ խաղաղասեր բան ես ասում, դա պետք է ինչ-որ կերպ հավասարակշռել: Դա կարելի է անել անվերջ զրույցներով այն մասին, որ «մենք կհարստանանք, զենք կգնենք, մեր բյուջեն 5 հազար անգամ կավելանա և մենք ամեն ինչ կգրավենք», իսկ կարելի է նաև այս մեթոդով դա անել», – ասել է Իսկանդարյանը` նկատի ունենալով հրադարարի խախտման դեպքերը:
Քաղաքագետի կարծիքով` ադրբեջանական իշխանությունների ռազմատենչ հռետորությունը գործիք է: Նրանք դա անում են, որովհետև իրենց դա հարկավոր է: Հատկապես, ընտրություններից առաջ:
«Որպեսզի հիմա պատերազմ սկսել, պետք են միանգամայն այլ հիմքեր, որոնք չունեն ոչ հայկական, ոչ էլ ադրբեջանական կողմերը: Հայկական կողմի մասին ընդհանրապես ծիծաղելի է խոսել: Իրոք, ծիծաղելի է խոսել այն մասին, որ հայերը կարող են հարձակվել Ադրբեջանի վրա: Եթե քաղաքական կամ ֆիզիկական հնարավորություն լիներ հասնել մինչև Բաքու և այդ ձևով ընդունել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ապա այդպիսի ռացիոնալ հնարավորություն կլիներ, բայց այն չկա», – ասել է Իսկանդարյանը:
Նա հավելել է, որ ադրբեջանական կողմը նույնպես այդտեսակ մոտիվացիա չունի: «Եթե ադրբեջանցիները հնարավորություն ունենային հարձակվել Ղարաբաղի վրա, 5-6 օրվա ընթացքում դուրս գալ Հայաստանի սահմանի մոտ և տեղահանել հայկական բնակչությունը` այդպիսով ներառելով Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, նրանք դա, իհարկե, կանեին: Բայց այդպիսի իրական հնարավորություն չկա:
Պատերազմը չի կարող 5-6 օրից ավել տևել, այն կկանգնեցնեն: Համապատասխանաբար, ինչու սկսել պատերազմը, բարդություններ ստեղծել` չունանելով հաղթանակի ոչ մի հնարավորություն, քանի որ Ադրբեջանի համար հաղթանակը` Ղարաբաղը հայերից մաքրելն է: Այդպիսի հույս այսօր չկա, ուրեմն մոտիվացիա էլ չկա», – ասել է Իսկանդարյանը:
Քաղաքագետը նշել է, որ այդպես միշտ չի լինելու. մեկ, երկու, երեք, հինգ տարվա ընթացքում այդպիսի բան դժվար թե լինի, եթե չլինի գերֆորսմաժորային իրավիճակ, որը ընդհանրապես կփոխի տարածաշրջանը:
«Հայաստանի իշխանությունները շրջաններ հանձնելու կարգի զիջումներ անելու պատրաստ չեն: Տեսականորեն, եթե այդպիսի տարբերակ սեղանին դրված լիներ և իրական լիներ, կարելի էր խոսել այն մասին, թե մտածում են Հայաստանի իշխանություններն այդ մասին, թե ոչ: Սակայն ոչ մի նման տարբերակ գոյություն չունի: Անգամ տարբերակ` տանք 5 շրջան, վերցնենք երկու շրջան, գոյություն չունի:
Այս տարբերակը գոյություն ունի լրագրողական հոդվածներում, սակայն այն գոյություն չունի որպես իրականություն, իրական ծրագիր: Գործնականում Հայաստանի իշխանությունները չունեն քարտ-բլանշ` նման տիպի համաձայնության հասնելու համար: Իսկ ինչ է տեղի ունենում այն քաղաքական գործիչների հետ, որոնք դեմ են գնում հասարակական կարծիքին, մենք այս երկրում տեսել ենք ոչ շատ վաղուց` 12 տարի առաջ: Եթե չկա քարտ-բլանշ, քաղաքական գործիչը պետք է խելագար լինի այդ քայլին դիմելու համար: Ինձ չի թվում, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը խելագար մարդկանցից է կազմված», – ասել է քաղաքագետը: