Պաշտոնական Երևանի և Ստեփանակերտի դիրքորոշումները տարբեր են: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Քաղաքականության ձևավորման տեսանկյունից Ղարաբաղն ավելի արմատական է իր դիրքորոշման մեջ: Եվ սա երկու պատճառ ունի: Առաջինը նա է, որ սա Ղարաբաղն է և խոսքը հենց նրա ճակատագրի մասին է, և ոչ որևէ այլ կողմի մասին: Հայաստանի տեսանկյունից խոսքը հայերի մասին է, պետության մասին, որի հետ Հայաստանն շատ կապեր ունի, բայց խոսքը, այնուամենայնիվ, Հայաստանի մասին չէ:
Երկրորդ պատճառն այն է, որ Ղարաբաղը չճանաչված պետություն է և ընդգրկված չէ գործընթացում: Ղարաբաղի փոխարեն բանակցություններն այլ կողմն է վարում, ինչը Ղարաբաղի համար որոշակի շերտ է ստեղծում և վերջինիս հնարավորություն է ընձեռում ավելի արմատական լինել: Ղարաբաղն ընդգրկված չէ այս հաստատուն գործընթացում, որին մասնակից է Հայաստանը գոնե հռետորության մակարդակով: Հայաստանը ստիպված է այնպիսի բաներ ասել, որոնք, սակայն, Ղարաբաղը չի ասում: Կամ էլ հակառակը` Հայաստանը չէր կարող ճանաչել Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը, և խիստ հակադրվում էր Ռուսաստանին այս հարցում: Իսկ Ղարաբաղը հանդես է եկել հայտարարությամբ, ճիշտ է նույնպես չի ընդունել, բայց հայտարարություն է արել, կարողացել է հանդես գալ, ունեցել է նման հնարավորություն: Ահա այս կետով էլ տարբերվում են»,-նշել է Իսկանդարյանը:
Փորձագետն, այնուամենայնիվ, հայտարարել է, որ վերջին շրջանում հայկական և ղարաբաղյան կողմերի դիրքորոշումները մերձենում են: Դեռևս մի քանի տարի առաջ «ոչ մի թիզ հող չենք տա, ավելի լավ է հողն առանց համաձայնության, քան համաձայնություն առանց հողի» մոտեցումը Հայաստանում շատ ծայրահեղական էր:
Մարդիկ կային, ովքեր կողմ էին այդ մտքին: Նրանք ինտելեկտուալներ, լրագրողներ և հասարակական գործիչներ էին, բայց դա լուրջ քաղաքական մոտեցում չէր: Իսկ հիմա դա կա: Այսօր «հողի ոչ մի թիզ» գաղափարը շատ լուրջ մոտեցում է, ամենաէական կետերից մեկը: Իսկ Ղարաբաղում միշտ էլ այդպես է եղել: Այդ միտքը Հայաստան Ղարաբաղից է ներթափանցել և գրավել է Հայաստանի դաշտը ոչ շատ վաղ անցյալում, կարծում եմ` դա տեղի է ունեցել հնգօրյա պատերազմից հետո (նկատի ունի 2008 թվականին Հարավային Օսիայում տեղի ունեցած պատերազմական գործողությունները` epress.am): Դիրքորոշումների որոշակի մերձեցումը շատ բնական է և նշված է հատուկ գրականության մեջ: Դա պետք է տեղի ունենար և ունեցավ: Ահա այստեղից էլ բխում են Լեռնային Ղարաբաղի իրավաբանական ճանաչման հետ կապված բոլոր խոսակցությունները»,- ամփոփել է քաղաքագետը: