Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը հայտարարել է, որ ադրբեջանական ֆիլմերի ցուցադրման քաղաքականությունը ոչնչացնում է Հայաստանը քաղաքականապես։ Նա կոչ է արել արգելել Հայաստանում «Բրիտանական խորհրդի գործունեությունը, որն աջակցում է փառատոնի անցկացմանը»:
Բաբուխանյանի հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքով Epress.am-ը դիմել է Բրիտանական խորհուրդ: Կազմակերպության տնօրեն Արևիկ Սարիբեկյանը հայտարարել է, որ Բրիտանական խորհուրդը չի աջակցում ծրագրին և չի մասնակցում դրան:
Հիշեցնենք, որ Ադրբեջանական ֆիլմերի փառատոնը պետք է կայանար նոյեմբերի 2-ին, սակայն այն արդեն տեղափոխվել է 3 անգամ և դեռևս չի կայացել, քանի որ կազմակերպչին` «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Գեորգի Վանյանին, տարածք չեն տրամադրում: Այն տարածքների սեփականատերերը, որոնք համաձայնել են դրանք տրամադրել, հետագայում ճնշման են ենթարկվել և հրաժարվել են կատարել նախնական պայմանավորվածությունները:
Նշենք, որ փառատոնի անցկացմանը Հայաստանում աջակցում է ԱՄՆ դեսպանատունը, որը «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոն»-ին դրամաշնորհ է տրամադրել:
Շաբաթ օրը Epress.am-ի հարցմանն ի պատասխան` դեսպանատան մամուլի խոսնակ Քերըն Ռոբլին նշել էր, որ երբ Հայաստանում ԱՄՆ Դեսպանատունը որևէ նախագիծ իրականացնելու համար դրամաշնորհ է տրամադրում, ապա դրամաշնորհ ստացողն է պատասխանատու ծրագրի իրականացման համար:
«Սակայն երբ դրամաշնորհ ստացողը խնդիրների առջև է կանգնում` խոսքի ազատության և ազատ հավաք կազմակերպելու իրավունքները կյանքի կոչելիս, ապա ԱՄՆ դեսպանատունը կարող է նրա անունից բանակցել պաշտոնական կառույցների հետ: Այս դեպքում հենց այդպես էլ արել ենք և շարունակելու ենք նույն կերպ վարվել այն դեպքերում, երբ խոսքի ազատությունը և ազատորեն հավաք անցկացնելու իրավունքները ոտնահարվում են: Մենք հասկանում ենք, որ հայերից շատերը կարող են չհամաձայնել նման փառատոնի անցկանցման փաստի հետ: Նրանք կարող են ընտրություն կատարել և չմասնակցել փառատոնին:
Հույս ունեինք, որ նրանք, ովքեր այս ֆիլմերի ցուցադրումը վիճարկելի էին համարում, զսպվածություն կցուցաբերեին իրենց կարծիքն արտահայտելիս և կհարգեին կազմակերպիչների կարծիքը: Ցավոք սրտի, կազմակերպիչները սուր քննադատության են ենթարկվել, և անգամ հատուկ արշավ էր կազմակերպվել այդ ամենը կանխելու նպատակով: Ցավում ենք դրա համար», – ասել էր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչը: