Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանի նամակ է հղել Ընտրական համակարգերի միջազգային հաստատության Ծրագրի տնօրեն Մայքլ Գետոյին` նոյեմբերի 22-ին կազմակերպված Ընտրական օրենսդրության համաժողովին մասնակցելու վերաբերյալ:
Նամակում, մասնավորապես, ասված է.
«Խորապես շնորհակալ եմ Հայաստանի իշխանությունների և միջազգային մի շարք կազմակերպությունների կողմից նոյեմբերի 22-ին կազմակերպվող Ընտրական օրենսդրության համաժողովին մասնակցելու հրավերի համար: Տեղեկացնում եմ Ձեզ, որ Հայ Ազգային Կոնգրեսը չի կարող ընդունել այդ հրավերը և առաջարկում եմ իմ ելույթի փոխարեն ընթերցել հրավերի մերժման հետևյալ բացատրությունը:
Որևէ հարցի, այդ թվում նաև Ընտրական օրենսգրքի հետ կապված որևէ քննարկում, երկխոսություն կամ համագործակցություն իշխանությունների հետ կարող է լինել միայն այն բանից հետո, երբ ազատ արձակված կլինեն բոլոր քաղբանտարկյալները և իրական առաջընթաց կգրանցվի Մարտի 1-ի սպանությունների բացահայտման ուղղությամբ։
Ընտրական օրենսգրքի նման քննարկումներ նախաձեռնելով` իշխանությունը փորձում է պատրանք ստեղծել, թե, իբր, մինչ այս ընտրություններում կատարված համատարած կեղծիքների ու ապօրինությունների պատճառը օրենսդրության անկատարությունն է ու որ խնդիրը հնարավոր է լուծել Ընտրական օրենսքրքի կատարելագործմամբ։
2008թ. նախագահական ընտրություններում վստահված անձանց, լրագրողների, դիտորդների դեմ կիրառված բռնությունները, համատարած ահաբեկչությունը, ընտրակաշառքը, Հայաստանից բացակա 500.000-ից ավելի քաղաքացիների քվեների կեղծումը որևէ կապ չունեն Ընտրական օրենսգրքի թերությունների հետ, այլ հենց Ընտրական օրենսգրքի, ինչպես նաև Հայաստանի այլ օրենքների բացահայտ խախտումով` վարչախմբի վերարտադրման միակ հնարավորությունն էր։ Գործող, անգամ պակասավոր, Օրենսգրքով կարելի էր անցկացնել լիակատար արդար ու թափանցիկ ընտրություն։
Հայ Ազգային Կոնգրեսը և ցանկացած այլ քաղաքական ուժ, մտնելով այս քննարկման մեջ՝ ակամա լեգիտիմացնում է այն տեսակետը, որ արատավոր ընտրական համակարգի պատճառները կապված են Ընտրական օրենգրքի անկատարության հետ, ուստի, մասնակից է դառնում վարչախմբի գործած՝ ընտրական կեղծիքների ու բռնության միջոցով իշխանության յուրացման ծանրագույն հանցանքը պարտակելուն։
Այնուամենայնիվ, Հայ Ազգային Կոնգրեսը, շահագրգռված ցանկացած օրենսդրական բաց լրացնելու մեջ՝ ԸՕ-ի վերաբերյալ իր առանցքային համարած 7 առաջարկներն ուղարկել է ԵԽ՝ լիազորելով վերջինիս և նրա հովանավորությամբ գործող, այս ուղղությամբ աշխատող կառույցներին՝ դրանք օգտագործելու համապատասխան քննարկումներում։ Նրանք միաժամանակ տեղեկացվել են Կոնգրեսի սկզբունքային դիրքորոշման մասին, այն է՝ արդարացի ու թափանցիկ ընտրություն անցկացնելու համար, առաջին հերթին, Հայաստանում իսպառ բացակայում է իշխանության քաղաքական կամքը»։