Home / Հայաստան / Էդվարդ Նալբանդյանը Լիսաբոնում հասցրել է զրուցել Օբամայի և Մամեդյարովի հետ

Էդվարդ Նալբանդյանը Լիսաբոնում հասցրել է զրուցել Օբամայի և Մամեդյարովի հետ

Աֆղանստանի իրավիճակը բազմաթիվ պետությունների մտահոգությունն է հարուցում` անկախ այն հանգամանքից, թե տվյալ երկիրը աշխարհագրորեն որքան մոտ կամ հեռու է Աֆղանստանից: Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը` ելույթ ունենալով Լիսաբոնում ՆԱՏՕ-ի խորհրդի հանդիպմանը:

Էդվարդ Նալբանդյանի բնորոշմամբ` ռազմական և ֆինանսական աջակցությունը Աֆղանստանին կարևոր է, սակայն առավել կարևոր է վերականգնել Աֆղանստանի ժողովրդի վստահությունը կայուն, ապահով և բարգավաճ ապագա կառուցելու իր կարողության հանդեպ: Այս առումով Նալբանդյանը Հայաստանի աջակցությունն է հայտնել միջազգային հանրության կողմից նախատեսվող քայլերին, որոնք թույլ կտան անցում կատարել ռազմական չափումից` երկարատև աջակցության ծրագրերին, քաղաքական, տնտեսական և հումանիտար փոխգործակցության ակտիվացմանը: Լիսաբոնում Հայաստանի արտգործնախարարը հանդիպում է ունեցել նաեւ Պորտուգալիայի արտգործնախարար Լուիս Ամադոյի հետ:

Վերջինս վստահեցրել է, որ ի դեմս Պորտուգալիայի` Հայաստանն ունի վստահելի բարեկամ, որը պատրաստ է ընդլայնել բոլոր ոլորտներում համագործակցությունը:

Էդվարդ Նալբանդյանն, իր հերթին, ընդգծել է, որ Հայաստանը ցանկանում է գործուն քայլեր ձեռնարկել Պորտուգալիայի հետ հարաբերությունների զարգացումը խթանելու համար և ստեղծելու այնպիսի գործակցություն, ինչպիսին ունի եվրոպական շատ երկրների հետ:

Նախարարները կարևորել են քաղաքական երկխոսության խթանման ուղղված քայլերի ձեռնարկումը, քննարկել ԱԳՆ-ների միջև խորհրդատվությունների անցկացմանը, միջազգային կազմակերպություններում գործակցությանը, իրավապայմանագրային դաշտի ձևավորմանը, երկու երկրների միջև մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացմանը, տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր:

Ընդունելով Էդվարդ Նալբանդյանի Հայաստան այցելելու հրավերը` Պորտուգալիայի արտգործնախարարը տեղեկացրել է, որ Երևան կժամանի 2011 թվականի առաջին կեսին:

Նշենք, որ գագաթաժողովի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը կարճատև զրույցեր է ունեցել նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: